Իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը ցուցադրում է մոտ 98–99% արդյունավետություն ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահի» հրթիռների դեմ, ինչպես նաև զգալի չափով որսում է Իրանի արձակած հրթիռները։ Դրա մասին հայտարարել է իսրայելական պետական Rafael Advanced Defense Systems Ltd պաշտպանական ընկերության ղեկավար Յուվալ Շտայնիցը։
Երուսաղեմի անվտանգության և արտաքին քաղաքականության կենտրոնի համաժողովում ելույթ ունենալիս Շտայնիցը նշել է, որ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ը և Լիբանանում «Հըզբոլլահը» միասին Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակել են շուրջ 40 հազար հրթիռ։
«Երկաթե գմբեթը“ որսացել է դրանց մեծ մասը այնպիսի արդյունավետությամբ, որը 100% չէ, բայց մոտ է դրան։ Դա մոտ 98% է, նույնիսկ 99%։ Այն կատարյալ չէ, բայց գրեթե», – հավաստիացրել է նա։
Ըստ նրա՝ Իրանը 2024 թվականից ի վեր մոտավորապես 1500 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ մարտական գործողությունների երկու փուլերի շրջանակում, և դրանցից «միայն մի քանի տասնյակը» չեն որսացվել։
Շտայնիցը վստահեցրել է նաև, որ Իսրայելը հակահրթիռների դեֆիցիտ չունի։