Հարավային Կովկասը կենսականորեն կարևոր է Ռուսաստանի համար

 Ռուսաստանը կովկասյան տերություն է և սերտորեն կապված է տարածաշրջանում ընթացող գործընթացների հետ, հետևաբար Հարավային Կովկասը նրա համար կենսականորեն կարևոր է։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Մեր շահերը բխում են այն փաստից, որ Ռուսաստանը պարզապես հարևան չէ, այլ ինքն էլ կովկասյան տերություն է։ Տարածաշրջանի բոլոր պետությունների հետ մեզ կապում են ամենասերտ պատմական և մշակութային կապերը։ Հինգ հանրապետություններից չորսի հետ հաստատվել են դաշնակցային հարաբերություններ։ Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի համար Ռուսաստանը գլխավոր կամ գլխավորներից մեկը համարվող առևտրային գործընկերն է։ Տարածաշրջանով են անցնում մեզ համար կարևոր տրանսպորտային զարկերակներ։ Թե ինչպես կզարգանան գործընթացները լեռնաշղթայի մյուս կողմում, մեծապես կախված է նաև Հյուսիսային Կովկասում տիրող վիճակը։ Մի խոսքով՝ Հարավային Կովկասը մեզ համար կենսականորեն կարևոր է», — ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հիմնարար շահը տարածաշրջանի զարգացումը, դրա տնտեսական ներուժի բացահայտումը և այնտեղ «կայունության ու խաղաղության գոտու» ստեղծումն է։ «Այն, ինչ նպաստում է տարածաշրջանի բարգավաճմանը, նպաստում է նաև Ռուսաստանի բարեկեցությանը։ Ահա մեր գործողությունների պարզ տրամաբանությունը, — ընդգծել է Կալուգինը։ — Հետևելով դրան՝ մենք հետևողականորեն հանդես ենք գալիս տարածաշրջանում զինված հակամարտությունների դեմ, աջակցում ենք շրջափակումների վերացմանը, ակտիվորեն աշխատում ենք տարածաշրջանային փոխկապվածության ընդհանուր ճարտարապետության կառուցման ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա օգտվել իր աշխարհագրական դիրքի առավելություններից։ Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասի տնտեսությունը ազատ շնչի։ Դա մեզ ձեռնտու է»։

«Հենց այդ պատճառով 2020 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձնական ջանքեր էր գործադրում՝ նպատակ ունենալով դադարեցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև արյունահեղությունը։ Այդ ժամանակ էլ դրվեցին Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի հիմքերը։ Գործընթացն արդեն մի քանի փուլ է անցել, բայց, միևնույն է, ընթանում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020–2022 թվականների պայմանավորվածությունների հիման վրա մշակված ճանապարհային քարտեզի հունով», — արձանագրել է ԱԳՆ դեպարտամենտի տնօրենը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *