2026 թվականի անոմալ շոգ ամառը Ալպերում հանգեցրել է քարաթափումների ռեկորդային թվի, և գիտնականների կարծիքով դրանց մեծ մասը կապված է կլիմայական ճգնաժամի հետ։ Հատկապես շատ է տուժել Մոնբլանի շրջանը․ այս տարի այստեղ սպասվում է մոտ 450 քարաթափում՝ մի քանի անգամ ավելի, քան 10–20 տարի առաջ։
«Սա, անկասկած, ռեկորդային տարի կլինի» թե՛ քարաթափումների հաճախականությամբ, թե՛ փլուզվող ապարների ծավալով, AFP-ին հայտարարել է Ֆրանսիայի Ազգային գիտական հետազոտությունների կենտրոնի (CNRS) հետազոտող Լյուդովիկ Ռավանելը։
Նախորդ ռեկորդը կազմել էր մոտ 300 քարաթափում և սահմանվել էր 2022 թվականին, որը նույնպես նշանավորվել էր ծայրահեղ շոգի ալիքներով։
Գիտնականի կարծիքով, ներկայիս փլուզումների զգալի մասը կապված է տաքացման հետ։ Ժայռերի ճեղքերում հազարամյակներ շարունակ պահպանվել էր հավերժական սառույցը։ Այն գործում է որպես յուրատեսակ «ցեմենտ», որը միասին է պահում ժայռերը։ Ջերմաստիճանի բարձրացման դեպքում սառույցը հալվում է, և ապարի առանձին հատվածները սկսում են պոկվել։
Լրացուցիչ վտանգ է ստեղծում սառցադաշտերի հալվելը։ Քանի որ դրանք կորցնում են իրենց հաստությունը, նվազում է լեռնային պատերը կայունացնող ճնշումը, ինչը նույնպես նպաստում է փլուզումներին։
Առաջիկա օրերին մեծ բարձրություններում ջերմաստիճանի նվազումը չի նշանակում լեռների կայուն վիճակի վերադարձ։ Նույնիսկ եթե մակերեսը կրկին սառչի, ամռան ընթացքում կուտակված ջերմությունը կշարունակի ներթափանցել հող մինչև նոյեմբեր, դեկտեմբեր և նույնիսկ հունվար։
Այդ պատճառով ամենախոշոր քարաթափումները գիտնականները սպասում են հենց աշնանը։ Ընդ որում, դրանց հաճախականությունը, հավանաբար, ավելի ցածր կլինի, քան ամռանը։
Լեռների աճող անկայունությունը լրացուցիչ վտանգ է ստեղծում ալպինիստների համար։ Ամառային սեզոնի սկզբից մի քանի մարդ զոհվել է քարաթափումների հետևանքով։ Հուլիսին Մոնբլան բարձրանալու ամենահայտնի երթուղում զոհվել են Չեխիայի երկու քաղաքացիներ, իսկ օգոստոսին զանգվածում մահացել է 31-ամյա մի տղամարդ։
Իշխանություններն արդեն փակել են երկու լեռնային ապաստարան, որոնցից ալպինիստները օգտվում են Մոնբլան բարձրանալիս։ Նմանատիպ միջոցներ ձեռնարկվել էին նաև 2022 թվականի ռեկորդային շոգի ժամանակ։
Միևնույն ժամանակ Ռավանելը կարծում է, որ բարձրլեռնային շրջաններ մուտքը լիովին փակել պետք չէ։ Ըստ նրա, ալպինիստական համայնքը ընդհանուր առմամբ ի վիճակի է ինքնուրույն գնահատել ռիսկերը, և դժբախտ պատահարների թվի աճը կապված է ոչ այնքան այն բանի հետ, որ մարդիկ շոգի ժամանակ սկսել են ավելի հաճախ ռիսկի դիմել, որքան լեռնային շրջաններում զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելացման հետ։