Իսպանական մամուլում շարունակում են լուրեր շրջանառվել «Բենֆիկայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին։ AS պարբերականի հաղորդմամբ՝ պորտուգալացի մասնագետն արդեն վերլուծել է մադրիդյան թիմում ստեղծված իրավիճակը և իր վերադարձի համար երկու հիմնական պահանջ է ներկայացրել ակումբի ղեկավարությանը։
Առաջին հերթին, Մոուրինյուն ցանկանում է ազդեցություն և ձայնի իրավունք ունենալ տրանսֆերային քաղաքականության որոշումներում։ Խոսքը ոչ այնքան կոնկրետ ֆուտբոլիստների գնման վրա ազդելու, որքան ուժեղացում պահանջող դիրքերի ընտրությանն է վերաբերում, քանի որ մարզիչը կարծում է, որ թիմի ներկայիս կազմը որոշ գոտիներում անհավասարակշռված է։
Բացի այդ, մասնագետը պահանջում է, որ ակումբում ամրագրվի հստակ կառուցվածք, որտեղ յուրաքանչյուրը կկատարի իր դերը. պետք է խստորեն պահպանվի բոլոր բաժինների աշխատանքն ու աստիճանակարգությունը, և ոչ ոք չմիջամտի մարզչական շտաբի գործերին։ Ըստ աղբյուրի՝ այս պահանջի գլխավոր նպատակն է խուսափել այնպիսի հակամարտություններից, ինչպիսին ստեղծվել էր ընթացիկ մրցաշրջանում թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի և նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի միջև։
Սպասվում է, որ կողմերի միջև բանակցությունները կակտիվանան պորտուգալական ակումբի մրցաշրջանի ավարտից հետո։ Ներկայումս Մոուրինյուն ամբողջությամբ կենտրոնացած է «Բենֆիկային» Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահովելու խնդրի վրա, ինչի համար առաջնության վերջին տուրում անհրաժեշտ է պահպանել երկրորդ հորիզոնականը։
Մոուրինյուն «արքայական» ակումբը գլխավորել է 2010-ից 2013 թվականներին՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև երկրի գավաթն ու Սուպերգավաթը։