ԵՄ-ն առաջին անգամ Բրյուսելում կընդունի «Թալիբան»-ի ներկայացուցիչներին. Reuters


Եվրամիությունը պլանավորում է Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին հրավիրել Բրյուսել՝ քննարկելու աֆղանստանցի որոշ ներգաղթյալների արտաքսելու եղանակները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը նշում է, որ սա կլինի պատմության մեջ թալիբների առաջին պաշտոնական այցը Բրյուսել։

Արևմտյան երկրները հրաժարվել են ճանաչել «Թալիբան»-ի իշխանությունն Աֆղանստանում այն բանից հետո, երբ հինգ տարի առաջ նրանք վերադարձան իշխանության՝ տապալելով կառավարությունը, որը երկու տասնամյակ աջակցություն էր ստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի կողմից։

Ըստ հրապարակման՝ Եվրահանձնաժողովի խոսնակը հայտնել է, որ հանդիպումը պլանավորվել է «ԵՄ մի շարք երկրների խնդրանքով», սակայն օրը դեռևս որոշված չէ։ Ընդ որում, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ հանդիպումը չի նշանակում «Թալիբան»-ի պաշտոնական ճանաչում ԵՄ-ի կողմից:

Խոսնակը հայտնել է, որ ԵՄ պաշտոնյաները հունվարին արդեն մեկնել էին Քաբուլ՝ հանդիպման, և ԵՄ-ն այժմ աշխատում է «Բրյուսելում Աֆղանստանի փաստացի իշխանությունների հետ տեխնիկական մակարդակով հնարավոր հաջորդ հանդիպման վրա՝ այդ քննարկումները շարունակելու համար»։

Հարյուր հազարավոր աֆղանստանցիներ ապաստան են խնդրել Եվրոպայում՝ թալիբների կողմից երկրում իշխանության գալուց ի վեր։ Եվրոպական օրենսդրությունը թույլ է տալիս արտաքսել այն միգրանտներին, որոնք հանցագործություններ են կատարում կամ անվտանգության համար սպառնալիք են համարվում, սակայն Աֆղանստանի հետ դա դժվար է եղել իրականացնել՝ դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայության պատճառով։

ԵՄ խոսնակը նշել է, որ Շվեդիան օգնում է համակարգել Բրյուսելում նախատեսված հանդիպումը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *