Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնումը՝ որպես գլոբալ նպատակների իրականացման գործիք

Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնումը՝ որպես գլոբալ նպատակների իրականացման գործիք

Մայիսի 8-ին Երևանում մասնագիտական հանրույթը քննարկեց Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը՝ կենտրոնանալով բնության հատուկ պահպանվող տարածքների, ագրոկենսաբազմազանության և ագրոէկոլոգիայի վրա։ Նաև քննարկվեց գենդերային հավասարության ինտեգրումը պահպանվող տարածքների և ագրոկենսաբազմազանության կառավարման մեջ։

Քննարկումը կազմակերպել էր «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն՝ «Կանանց դերի բարձրացում Հայաստանի պահպանվող տարածքներին սահմանակից բնակավայրերում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է «Կանայք հանուն ընդհանուր ապագայի» (WECF) միջազգային կազմակերպության կողմից։

Կլոր սեղանին մասնակցեցին պետական, միջազգային, գիտակրթական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը» փաստաթուղթը հաստատվել է  ՀՀ շրջակա միջավայրի նախարարի N100-Լ հրամանով։ Մինչ փաստաթղթի ընդունումը շրջանառվում էր կենսաբազմազանության ռազմավարական փաստաթուղթ, սակայն, քանի որ կառավարման բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է ռազմավարական կառավարման նոր համակարգի անցում, մշակվում են ռազմավարություններ 6 ուղղություններով։ Այդ պատճառով կենսաբազմազանության առանձին ռազմավարություն չի ընդունվել, այլ ընդունվել է նախարարի հրամանը։

Ըստ Շրջակա միջավայրի նախարարի հրամանի՝ Հայաստանն ունի 5 ռազմավարական նպատակ և 30 թիրախ, որոնք բխում են Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 4 նպատակներից և 23 թիրախներից։ 

Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակն ընդունվել է 2022 թվականին՝ Կենսաբազմանության մասին կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովում։  Կենսաբազմազանության կոնվենցիային միացած երկրները պարտավորվել են Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակի 3-րդ թիրախի համաձայն մինչև 2030 թվականն ապահովել Երկիր մոլորակի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առնվազն 30 տոկոսի արդյունավետ պահպանումը: Յուրաքանչյուր երկիր ևս պետք է ապահովի իր տարածքի 30%-ի պահպանությունը։

Հայաստանը թիրախ է սահմանել ապահովել երկրի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի 20%-ի արդյունավետ պահպանումը մինչև 2030 թվականը, թեպետ ունի հնարավորություն հասնելու գլոբալ թիրախին՝ 30 տոկոսին։

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Կարեն Մանվելյանը ներկայացրեց Հայաստանում 30×30 թիրախին հասնելու ճանապարհին մարտահրավերներն ու հնարավորությունները։ Նա նշեց, որ այստեղ առանցքային դերակատարում ունի Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցի (ԲՀՊՏ) ընդլայնումը։

Հայաստանում ԲՀՊՏ-ների ներկա ծածկույթը 386,355 հեկտար է կամ երկրի ողջ ծածկույթի 13․1 տոկոսը։ 2012 թվականից ԲՀՊՏ-ների ամբողջ տարածքն ընդլայնվել է 88,600 հեկտարով՝ 3 տոկոսով։ Այժմ կա 3 պետական արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 233 բնության հուշարձան։

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է  դեռ 2006 թվականին։ Սակայն ներկայացված չեն Բնության պահպանության միջազգային միության (IUCN)  V և VI կատեգորիաները։ Ոչինչ առկա չէ բուֆերային գոտու, էկոլոգիական միջանցքի և կենսոլորտային արգելոցի մասին։ Ոչինչ առկա չէ այլ արդյունավետ պահպանության միջոցառումների (OECM), պահպանվող տարածքների, Էմերալդ տարածքի և այլնի մասին։

2026թ․ ապրիլի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել  «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Այն այժմ Ազգային ժողովում է։

Առաջարկվող օրենսդրական նախագծով Հայաստանը կունենա ԲՀՊՏ-ի նոր տեսակ՝ պահպանվող լանդշաֆտ։ Պահպանվող լանդշաֆտ կատեգորիան սահմանված է «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից։

Ամրագրվել է «Այլ արդյունավետ պահպանության միջոցառումների ներքո գտնվող աշխարհագրորեն սահմանված տարածք» (OECM) հասկացությունը։

Ըստ Կարեն Մանվելյանի՝ «Տաթև» և «Ջերմուկ» ազգային պարկերի ստեղծմամբ ԲՀՊՏ-երի ամբողջ տարածքը կընդլայնվի 9,800 հեկտարով։ Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը ԲՀՊՏ-ների ծածկույթը կկազմի 396,155 հեկտար կամ երկրի ողջ տարածքի 13.3 տոկոսը։ Կլինեն 3 պետական արգելոց, 6 ազգային պարկ, 23 պետական արգելավայր և 233 բնության հուշարձան։ Նաև ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը բնապահպանական տարածքների ծածկույթը (OECM) կհասնի 151,035 հեկտարի՝ երկրի ողջ տարածքի 5.1 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, մինչև 2030 թվականը ԲՀՊՏ-ների և բնապահպանական տարածքների ակնկալվող ամբողջ ծածկույթը կկազմի 547,190 հեկտար կամ երկրի ողջ տարածքի 18.4 տոկոսը։

Կարեն Մանվելյանը նշեց, որ կարևոր կենսաբազմազանության տարածքների, Էմերալդ տարածքների, պետական անտառային հողերում ԲՀՊՏ-ների կամ OECM տարածքների ստեղծման դեպքում ամբողջ ծածկույթը կարող է հասնել երկրի ողջ տարածքի 30 տոկոսի՝ ընդգրկելով 270,000 հեկտար ԲՀՊՏ-ներ և OECM տարածքներ։

Մայիս 12, 2026 at 17:48

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *