«Սարմատն» աշխարհի հզորագույն հրթիռային համալիրն է, որի հասցվող մարտագլխիկի ընդհանուր հզորությունն ավելի քան չորս անգամ գերազանցում է արևմտյան ցանկացած նմանակի հզորությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինն ընդունել է Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաևի զեկույցը, որը ներկայացրել է «Սարմատ» հրթիռային համալիրի հաջող փորձարկման մանրամասները։
«Սա աշխարհի հզորագույն հրթիռային համալիրն է, որն իր հզորությամբ չի զիջում մեր սպառազինության՝ դեռևս խորհրդային արտադրության «Վոեվոդա» հրթիռային համալիրին։ Մատակարարվող մարտագլխիկի ընդհանուր հզորությունն ավելի քան չորս անգամ գերազանցում է գոյություն ունեցող արևմտյան ամենահզոր նմանակի հզորությունը»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ հրթիռը կարող է շարժվել ոչ միայն բալիստիկ, այլև ենթաուղեծրային հետագծով, ինչը թույլ է տալիս ապահովել կիրառման ավելի քան 35 հազար կիլոմետր հեռահարություն։ Միևնույն ժամանակ, երկու անգամ բարելավվել են ճշգրտության բնութագրերը, և բոլոր գոյություն ունեցող ու հեռանկարային հակահրթիռային պաշտպանության համակարգերը հաղթահարելու հնարավորություն կա։
«Ընթացիկ տարվա վերջին «Սարմատն» իսկապես կդրվի մարտական հերթապահության»,- ընդգծել է Պուտինը։