Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները սկսել են թերահավատորեն վերաբերվել ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղության հասնելու հեռանկարին։
Ինչպես հաղորդում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին, նույնիսկ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ավարտից հետո Վաշինգտոնի հովանու ներքո բանակցությունների վերսկսման հավանականությունը մնում է չափազանց ցածր։
Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լավատեսական հայտարարություններին, թե Կիևն ու Մոսկվան մոտ են հակամարտության կարգավորմանը, իրականում կողմերից ոչ մեկն այս պահին էական արժեք չի տեսնում այդ ձևաչափով երկխոսության շարունակման մեջ։
Այս իրավիճակն արդեն իսկ ստիպում է եվրոպական մայրաքաղաքներին մտածել սեփական նախաձեռնությունների մասին։ Ըստ Financial Times-ի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ակնարկել է, որ Եվրամիությունը կարող է ստանձնել միջնորդի դերը և ուղղակի բանակցություններ սկսել Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ ամերիկյան կողմի ջանքերը փակուղի են մտել։