«Մոսադի» ղեկավարը Իրանի հետ պատերազմի ընթացքում երկու անգամ այցելել է ԱՄԷ՝ անվտանգության ոլորտը համակարգելու համար․ WSJ

«Մոսադի» ղեկավար Դավիթ Բարնեան, Իրանի հետ անմիջական բախումների մեկնարկից ի վեր, առնվազն երկու անգամ գաղտնի այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով արաբ պաշտոնյաներին և իրավիճակին ծանոթ մի աղբյուրի։

Պարբերականի տվյալներով՝ այցերի նպատակը եղել է երկու երկրների միջև ռազմական և պաշտպանական գործողությունների համակարգումը։

Հրապարակման համաձայն՝ Բարնեան վերջին ամիսներին՝ մարտին և ապրիլին, առնվազն երկու անգամ ժամանել է Աբու Դաբի՝ Իրանի դեմ պատերազմի հետ կապված ռազմավարական և օպերատիվ համակարգման նպատակով։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Իսրայելն ԱՄԷ-ում տեղակայել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև այնտեղ գործուղել տասնյակ զինվորականների ու օպերատորների։ Այս համակարգերը նախատեսված էին Պարսից ծոցի պետությունը իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանելու համար։

Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ Էմիրությունները ներգրավված են եղել Իրանի դեմ ուղղված ռազմական գործողություններում թե՛ նախքան 2026 թվականի ապրիլի 8-ի հրադադարը, և թե՛ դրա հաստատումից հետո։ Ըստ որոշ տվյալների՝ ԱՄԷ-ի կողմից ձեռնարկված պատասխան քայլերից առնվազն մեկն իրականացվել է իսրայելական ուժերի հետ անմիջական համագործակցությամբ։

Միևնույն ժամանակ, Reuters-ը հայտնում է մարտի վերջին Սաուդյան Արաբիայի կողմից Իրանի ուղղությամբ իրականացված մի շարք գաղտնի ավիահարվածների մասին։ Թե՛ արևմտյան, թե՛ իրանական կողմը հակված են դրանք դիտարկել որպես «հատուցման գործողություններ», որոնցով թագավորության ռազմաօդային ուժերն արձագանքել են սեփական տարածքում տեղի ունեցած հարձակումներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *