Հայաստանի 12 համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ. որտեղ ինչ ուժեր են պայքարում

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ժամը 08:00-ից Հայաստանի 7 մարզերի 12 համայնքներում բացվել է 317 ընտրական տեղամաս, և մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ՆԳՆ տվյալներով՝ ընտրողների վերջնական ցուցակներում ընդգրկված է 233․494 քաղաքացի։ Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, ինչից հետո կսկսվի ձայների հաշվարկը։

Ընտրություններն անցկացվում են երկու ընտրակարգով՝ 10 համայնքում՝ համամասնական (կուսակցական ցուցակներով), իսկ 2-ում՝ մեծամասնական։

Թեժ մրցակցություն է 4 համայնքում։

Կապանում Ավագանու 27 մանդատի համար պայքարում է գործող համայնքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակի առաջին համար՝ Նարեկ Բաբայան) և «Ապրելու երկիր» կուսակցությունը (Տիգրան Աղասյան)։

Սևանում մրցակցում են գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանը («Վստահություն» կուսակցությունների դաշինք), Սուրեն Գրիգորյանը (ՔՊ) և Վահրամ Գևորգյանը  («Միասնական համայնք» կուսակցություն)։

Սպիտակում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնում է  Քաջայր Նիկողոսյանը (գործող համայնքապետն է), «Բարոյական արժեքներ» ուժը ներկայացնում է Համլետ Մազմանյանը և «Ուժեղ Հայաստան» ներկայացնում է Արման Ավետիսյանը

Նոյեմբերյանում պայքարում են գործող համայնքապետ Արսեն Աղաբաբյանը («Ապրելու երկիր»), Մխիթար Խաչիկյանը («Քաղաքացիական պայմանագիր») և Նարեկ Սիրադեղյանը («Լուսավոր Հայաստանը»)։

Մեծամորում առաջադրվել է Սարգիս Արշակյանը` ՔՊ և Արամայիս Մխիթարյանը՝ ՀՅԴ։

Առանց մրցակցության ընտրություններ են 3 համայնքում՝  Աշտարակում, Ապարանում և Աշոցքում։ Այստեղ ընտրողները պետք է քվեարկեն «այո» կամ «ոչ» ասեն առաջադրված թեկնածուին։

Արագածոտնի մարզի Արևուտ (326 ընտրող) և Մեծաձոր (73 ընտրող) համայնքներում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով՝ անհատ թեկնածուների միջև։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *