
«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն է:
– Նախընտրական պայքարը թեժ փուլ է մտել: Նիկոլ Փաշինյանն ու որոշ քաղաքական ուժեր ամեն գնով փորձում են նախընտրական պրոցեսն անլրջացնել: Նախընտրական քարոզարշավին ի՞նչ գնահատական կտաք: Ձեր տպավորությամբ` այն ինչի՞ մասին է:
– Այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում` դիտավորության արդյունքում, որպեսզի առաջնային կարևորություն ունեցող հարցերը հանրային տիրույթում չմնան: Քարոզարշավն իջեցրել են խիստ անհատական մակարդակի: «Դու ով, դու ով ես» մակարդակի վրա է այն: Սարսափելի են այն քաղաքական խնդիրները, որոնք առկա են այժմ Հայաստանի առջև: Կան հարցեր, որոնք այժմ արմատական նշանակություն ունեն: Հարց առաջին. ի՞նչ անել Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի հետ, փոխե՞լ այն, թե՞ չփոխել: Սա ֆունդամենտալ հարց է, որի շուրջ դիսկուրս չենք տեսնում: Ողջ աշխարհը տեղեկացավ այն մասին, որ Ռուսաստանի նախագահը Հայաստանին դրել է արտաքին քաղաքական վեկտորի ընտրության առջև: Պուտինն ասում է, որ Հայաստանը պետք է հստակեցնի` մնո՞ւմ է ԵԱՏՄ-ի կազմում, թե՞ ապահարզան է ներկայացնում և գնում է Եվրոպական միություն: Ակնհայտորեն քաղաքական ուժերն այս հարցին անդրադառնալուց խուսափում են:
– Ի՞նչ եք կարծում` իշխանությունները ո՞ր ուղղությամբ են ցանկանում շարժվել: Գնալ դեպի ԵՄ, թե՞ շարունակել մնալ ԵԱՏՄ-ի հետ:
– Եթե Ռուսաստանի դիրքերից նայենք, ապա Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր է որպես առևտրի պատուհան: Պրոռուսական քաղաքական ուժերը, ինչպես նաև իշխող ուժը, ձևաչափը պահպանելու պատվեր ունեն: Հայաստանը պետք է ցուցադրի, թե իբրև համագործակցում է Եվրոպայի հետ, բայց այդ ճանապարհը պետք է լինի հնարավորինս երկար ու անորոշ: Քաղաքական առումով Ռուսաստանի համար կարևոր է Հայաստանում ՎԵՏՕ-ի իրավունքի պահպանումը: Ռուսաստանի համար ցանկալի է, որ ներկայիս իշխանությունները վերարտադրվեն, իսկ պրոռուսական քաղաքական ուժերը խորհրդարանում ավելի մեծ տեղ զբաղեցնեն, քան հիմա է: Ռուսաստանի համար դա կլինի ամենաապահով տարբերակը:
– Իսկ ընտրություններին մասնակցող հիմնական խաղացողներն ի՞նչ շանսեր ունեն:
– Բարդ հարց է, քանի որ հանրության մեջ տարբեր տրամադրություններ կան ձևավորված: Բազմաթիվ քաղաքացիներ հիասթափված են իշխանություններից: Իրականում այն հարցումները, որոնք հրապարակվում են` մակերեսային հարցերի մասին են և այնքան էլ խորքային չեն, խորքային հարցերը մնում են չբացահայտված: Մեր հանրության մեջ կա մի զգալի հատված, որն էապես կապված է ՌԴ-ի հետ, կա նաև մի շերտ, որը չունի նման կախվածություններ և Հայաստանը ցանկանում է տեսնել Եվրոպայի կողքին: Բավականին տարբեր կարծիքներ են հնչում և իրապես տեսանելի չէ, թե ինչ պատկեր ունենք: Իսկ սոցիոլոգիական հարցումները գրեթե միշտ չեն արտացոլում իրականությունը: