Նոր սկանդալ Մակրոնների շուրջ. Բրիջիթի հայտնի ապտակը իրանցի դերասանուհու հանդեպ խանդի հետևանք է եղել

Ժամանակին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա տիկնոջ՝ Բրիջիթի մասնակցությամբ միջադեպը հենց նախագահն անվանվել էր «կատակ» և խաղային վարքագծի դրսևորում: Նա պնդում էր, թե իր կինը իբր «կատակով» հարվածել է իր դեմքին անցյալ տարի Վիետնամ կատարած պետական այցի ժամանակ նախագահական ինքնաթիռի վայրէջքից հետո:

Սակայն նախագահական զույգի մասին պատմող նոր գիրքն առաջարկում է իրադարձությունների լիովին այլ մեկնաբանություն, որոնք տեսագրել էր Associated Press-ը 2025 թվականի մայիսին՝ Հանոյի օդանավակայանում ինքնաթիռի դռների բացվելուց հետո:

Գրքի հեղինակը՝ Paris Match-ի քաղաքական մեկնաբան Ֆլորիան Տարդիֆը, իր «Un Couple (Presque) Parfait» («Գրեթե կատարյալ զույգ») աշխատության մեջ պնդում է, որ Բրիջիթ Մակրոնը զայրացել է, երբ ամուսնու հեռախոսին տեսել է հաղորդագրություն՝ ուղարկված վտարանդի իրանցի դերասանուհի Գոլշիֆթե Ֆարահանիի հեռախոսից:

Ըստ գրքի՝ այդ հաղորդագրությունն առաջին տիկնոջ մոտ մտավախություն է առաջացրել, որ իր ամուսինը կարող է էմոցիոնալ կամ ռոմանտիկ կերպով հրապուրված լինել դերասանուհով: Սակայն ինքը՝ Ֆարահանին, նախկինում կտրականապես հերքել է նախագահի հետ որևէ ռոմանտիկ կապի առկայությունը:

Բրիջիթ Մակրոնին մոտ կանգնած աղբյուրը Le Parisien-ին հայտնել է, որ նա «կտրականապես մերժել է» խանդի հողի վրա ապտակի կամ հաղորդագրությունների վերաբերյալ ցանկացած պնդում և ընդգծել է, որ «երբեք չի ստուգում ամուսնու հեռախոսը»:

Այնուամենայնիվ, գրքի հեղինակը պնդում է, որ Մակրոնի և Ֆարահանիի միջև իսկապես գոյություն է ունեցել նամակագրություն, որտեղ նախագահը իբր հաճոյախոսություններ է գրել դերասանուհուն, ներառյալ այն արտահայտությունը, թե՝ «ես ձեզ շատ գեղեցիկ եմ համարում»:

Ըստ Տարդիֆի վարկածի՝ հենց դերասանուհու հաղորդագրություններից մեկն է դարձել ինքնաթիռում տեղի ունեցած լարված դրվագի պատճառը, որն այնուհետև վերաճել է ամուսինների միջև ընդհարման:

Ավելի վաղ Բրիջիթ Մակրոնը հարցազրույցներից մեկում իրավիճակն այլ կերպ էր բացատրել. նա հոգնած է եղել մրրկայնությամբ ուղեկցվող ծանր թռիչքից հետո և պարզապես հրել է ամուսնուն, երբ վերջինս փորձել է զվարճացնել իրեն և կատակել իր հետ:

Այդ վարկածը մասնակիորեն համընկնում է ֆրանսիական լրատվամիջոցների ավելի վաղ հրապարակված հաղորդագրությունների հետ, որոնք պնդում էին, թե նախագահն իրեն թեթևամիտ է պահել թիկնազորի հետ, իսկ տիկինը դա վրդովմունքով է ընդունել:

Ինքը՝ Էմանուել Մակրոնը, ավելի վաղ ընդունել էր տեսանյութի իսկությունը, սակայն պնդել էր, թե խոսքը միայն «ընտանեկան վեճի և կատակների» մասին էր:

Միջադեպն արդեն այն ժամանակ միջազգային ուշադրության էր արժանացել և նույնիսկ առիթ դարձել Դոնալդ Թրամփի կողմից քաղաքական հեգնանքի համար, որը պնդում էր, թե «Մակրոնի կինը վատ է վարվում նրա հետ»: Ֆրանսիայի նախագահը հերքել էր այդ հայտարարությունները՝ դրանք «աննրբանկատ և անտեղի» որակելով:

Ֆլորիան Տարդիֆը պնդում է, որ ամուսինների միջև լարվածությունն այդ պահին սրվել է «մի հաղորդագրության պատճառով, որը Բրիջիթը չպետք է տեսներ»: Նրա խոսքով՝ դա առաջացրել է վեճ, որն «ավելի երկար ու կոշտ է եղել, քան սովորաբար»:

Գրքում մեջբերվում է նաև առաջին տիկնոջը մոտ կանգնած աղբյուրի կարծիքը, որը պնդում է, թե նա հարաբերություններում իրեն «մեկուսացված է զգացել»:

Գոլշիֆթե Ֆարահանին, իր հերթին, բազմիցս հերքել է Մակրոնի հետ որևէ ռոմանտիկ կապ և նման լուրերն անվանել է հորինվածք: Նա հայտարարել է նաև, որ նման պատմություններն առաջանում են հասարակության՝ «այնտեղ, որտեղ չկան, սիրավեպեր ստեղծելու» ցանկության պատճառով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *