Սի Ծինփինը Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակները

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Պեկին ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Կորեական թերակղզում տիրող իրավիճակը։

«Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային կարևորագույն խնդիրների շուրջ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի իրավիճակը, ուկրաինական ճգնաժամը և Կորեական թերակղզին»,- հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Զրույցի ընթացքում Սի Ծինփինը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերություններում Պեկինի համար առանցքային նշանակություն ունի Թայվանի հարցը։ Նա պարզաբանել է, որ եթե այս հարցում կողմերի փոխգործակցությունը կառուցվի «ճիշտ հիմքերի վրա», ապա չին-ամերիկյան հարաբերությունները «ընդհանուր առմամբ կայուն» կմնան։

Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստ է շարունակել աշխատանքը Պեկինի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, և ամերիկացի գործարարներին կոչ է արել ընդլայնել Չինաստանի հետ համագործակցությունը։

Երկրների առաջնորդները պայմանավորվել են աջակցել միմյանց և այս տարի անցկացնել Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, ինչպես նաև G20-ի գագաթնաժողովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *