Փարիզի այցեքարտը համարվող Էյֆելյան աշտարակը տարեկան ընդունում է մոտ 7 միլիոն այցելու, այն վերապրել է երկու համաշխարհային պատերազմ և անթիվ վերանորոգումներ․ այստեղ թերևս ավելի շատ ամուսնության առաջարկ է արվել, քան աշխարհի ցանկացած այլ կառույցում։
Այժմ աշխարհահռչակ աշտարակի մի փոքրիկ կտոր փնտրում է «բնակության» համար ավելի հանգիստ վայր։
Աշտարակի պարուրաձև աստիճանների օրիգինալ հատվածը, որոնցով 1889 թվականին հուշարձանի բացման ժամանակ բարձրացել են առաջին այցելուները, մայիսի 21-ին կհանվի աճուրդի․ գրում է Euronews-ը։
Վաճառքի հավանական գինը կկազմի 120․000-150․000 եվրո։ Նշվում է, սակայն, որ վերջնական գինը կարող է շատ ավելի բարձր լինել։
2.75 մետր բարձրությամբ և 1.75 մետր տրամագծով այս կտորը կազմված է խաչաձև հիմքի վրա տեղադրված 14 պողպատե աստիճաններից։ Այն մի ժամանակ աշտարակի երկրորդ և երրորդ հարկերը միացնող աստիճանների մասն էր կազմում։
Երբ 1889 թվականին Գուստավ Էյֆելի երկաթե հրաշքը բացվեց, վեր բարձրանալ հնարավոր էր միայն ոտքով։ Գրեթե մեկ դար անց՝ 1983 թվականին, խոշոր վերանորոգման ժամանակ, աշտարակի մեծ հատվածներ ապամոնտաժվեցին և փոխարինվեցին վերելակներով։