Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մեկնարկել է աշխարհի առաջատար զարգացող տնտեսությունների միավորման՝ ԲՐԻԿՍ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Բանակցություններն ընթանում են համաշխարհային էներգետիկ շուկաների վրա գործադրվող ճնշումների և վառելիքի գների աճի ֆոնին, ինչն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո բռնկված պատերազմի հետևանք է:
Հնդկաստանը հյուրընկալում է կառույցի անդամ 11 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին։ Հիշեցնենք, որ միավորումն ստեղծվել է Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի նախաձեռնությամբ: Հանդիպումը կտևի երկու օր:
Նիստի աշխատանքներին մասնակցում են Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Նյու Դելիում Չինաստանի դեսպան Սյու Ֆեյհունը: Չինաստանի արտգործնախարար Վան Ին չի մասնակցում հանդիպումներին, քանի որ զբաղված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկին կատարած այցի պատճառով:
Բանակցություններն ընթանում են Իրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածներից հետո բռնկված հակամարտության ֆոնին, ինչն ավելի է մեծացրել համաշխարհային էներգետիկ շուկաների վրա գործադրվող ճնշումը և հանգեցրել վառելիքի գների աճի։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն իր բացման խոսքում նշել է, որ ԲՐԻԿՍ-ը կարող է օգնել զարգացող երկրներին առավել արդյունավետ կերպով հաղթահարել ոչ միայն ֆինանսական խնդիրները, այլև էներգակիրների, սննդամթերքի ու պարարտանյութերի թանկացումը։
Նրա փոխանցմամբ՝ բանակցությունների առանցքում լինելու են ինչպես համաշխարհային ու տարածաշրջանային խնդիրները, այնպես էլ միավորման անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդումը։
«Մենք հավաքվել ենք մի ժամանակաշրջանում, երբ միջազգային հարաբերություններում մասշտաբային փոփոխություններ են տեղի ունենում», — նշել է Ջայշանկարը՝ հավելելով, որ զարգացող երկրները գնալով ավելի են «կառուցողական և կայունացնող դերակատարում» են ակնկալում ԲՐԻԿՍ-ից։
ԲՐԻԿՍ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացվում է մայիսի 14-15-ը Հնդկաստանում՝ այդ երկրի ԱԳ նախարարի նախագահությամբ։
Նիստի մասնակիցները մտքեր կփոխանակեն համաշխարհային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ։