600 հազարից ավելի քաղաքացի արդեն օգտվել է առողջության ապահովագրության համակարգից․ Ավանեսյան

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 10-ին անցկացրել է «Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը» թեմայով աշխատանքային քննարկում։

Հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանը կարևորել է համակարգի ներդրումը՝ այն գնահատելով որպես պատմական և անհրաժեշտ քայլ, որը միտված է բնակչության կյանքի որակի բարելավմանը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է համակարգի ներդրումից հետո առաջին երեք ամիսների տվյալները։ Նա հիշեցրել է, որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերի 25-ից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է համակարգի փուլային ներդրումը։

Նախարարի խոսքով՝ համակարգի շահառուների թիվը հասել է 1 միլիոն 700 հազարի՝ գերազանցելով նախնական կանխատեսումները։ Նրա պարզաբանմամբ՝ աճը պայմանավորված է նաև աշխատաշուկայում գրանցված տեղաշարժերով, մասնավորապես՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների մի մասի անցումով ավելի բարձր վարձատրության խմբեր։

Եռամսյակի ընթացքում համակարգի շրջանակում ծառայություններ է ստացել 614 հազար 226 շահառու, որոնց մեծ մասը 65 և բարձր տարիքի քաղաքացիներ են։ Միայն մարտ ամսին պետպատվերի շրջանակում առաջին անգամ սպասարկվել է 67 979 քաղաքացի (փետրվարին՝ 42 հազար, հունվարին՝ 16 հազար)։

Ներկայացված տվյալների համաձայն՝


  • իրականացվել է շուրջ 68 հազար վիրահատություն,

  • կատարվել է 1 միլիոն 386 հազար ամբուլատոր հետազոտություն,

  • դուրս է գրվել 458 հազար դեղատոմս։

Համակարգում ներկայում ներառված է շուրջ 2400 ծառայություն, և նախատեսվում է դրա հետագա լրամշակում՝ հիմնվելով կուտակվող տվյալների վրա՝ առանց կտրուկ փոփոխությունների։

Ծառայություններից օգտվածների 58 տոկոսը կանայք են, 42 տոկոսը՝ տղամարդիկ։ 0–18 տարեկան 646 հազար շահառուներից համակարգի ծառայություններից օգտվել է 28 տոկոսը։

Նախարարն ընդգծել է, որ իրականացված ակտուարական հաշվարկները ցույց են տալիս համակարգի ֆինանսական հավասարակշռությունը՝ մուտքերի և ծախսերի միջև։

Նա նաև նշել է, որ հիվանդանոցային համակարգում հերթերը հիմնականում վերացել են, և քաղաքացիները կարող են անհրաժեշտ ծառայությունները ստանալ 2–3 շաբաթվա ընթացքում։

Անահիտ Ավանեսյանը կարևորել է նաև բժշկական հաստատություններում անհարկի ծառայությունների բացառումը՝ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *