Նիկոլ Փաշինյանը սովորել է օրենքը. նա ու ԿԳՄՍ նախարարն այլևս չեն խախտի սանիտարահիգիենիկ նորմերը

Օրեր առաջ Oragir.Newsհրապարակում էր արել, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարների ուղեկցությամբ այցելել էր մանկապարտեզ, մտել խոհանոց՝ խախտելով սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր։ Խոսքը վերաբերում է հաստատություններում գործող կանոնների՝ պատշաճ կերպով չպահպանելուն, ինչը հատկապես կարևոր է երեխաների առողջության պահպանման առումով։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍՆ, որին ի պատասխան նախարարությունից հայտնել են, որ Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից արձանագրվել են դիտարկումներ։

«Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից արձանագրված դիտարկումների հիման վրա սահմանված է նմանատիպ այցերի ժամանակ պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները, ինչը հաշվի է առնվել կազմակերպված հետագա այցերի ժամանակ»,- ասված է պատասխանում։

Նշենք, որ նախորդ հրապարակման մեջ, մեզ հետ զրույցում ՍԱՏՄ-ից հայտնել են, որ նման դեպքերի վերահսկողությունը իրենց անմիջական լիազորությունների շրջանակում չէ։ Սակայն, ստացվում է, որ ՍԱՏՄ-ն ԿԳՄՍ նախարարություն է ուղարկել դիտարկումներ մի բանի մասին, որն իրենց լիազորությունների մեջ չի մտնում։

Այս դեպքը կրկին ընդգծում է, որ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, հատկապես այնպիսի միջավայրերում, որտեղ գտնվում են երեխաներ։

Այնուհանդերձ, ԿԳՄՍ նախարարության պատասխանը հուսադրող է, ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն այլևս տիրապետում են օրենքին և այսուհետ չեն խախտի սանիտարահիգիենիկ նորմերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *