

2012 թվականից յուրաքանչյուր տարի մարտի 21-ին աշխարհը նշում է Անտառների միջազգային օրը։ Այս տոնի նպատակն է արժևորել անտառների կարևորությունը և բարձրացնելու դրանց դերի վերաբերյալ իրազեկվածությունը։
2026 թվականի Անտառների միջազգային օրվա թեման է՝ «Անտառներ և տնտեսություն»։ Այն նվիրված է անտառների կարևորագույն դերին տնտեսական բարեկեցության ապահովման գործում։
«Առանց անտառների անհնար է պատկերացնել առողջ տնտեսություն՝ ոչ միայն այսօր, այլև ապագայում», – նշում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)։ Անտառները կարևոր դեր ունեն տնտեսության զարգացման մեջ, ապահովում են եկամուտ և աշխատատեղեր անտառօգտագործման, վերականգնվող հումքի և սննդամթերքի առևտրի միջոցով, նպաստում են ընտանեկան և համայնքային գյուղատնտեսության զարգացմանը, բարձրացնում են գյուղատնտեսության արտադրողականությունը և աջակցում ջրային ավազանների կայունությանը։ Անտառային արտադրանքի օգտագործումը հնարավորություն է տալիս փոխարինել ածխածնատար նյութերը բնական լուծումներով՝ միաժամանակ ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ։
Երկրի վրա անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն քառակուսի կիլոմետր կամ ցամաքի ամբողջ մակերեսի գրեթե 1/3-ը:
Անտառների ներդրումը համաշխարհային տնտեսության մեջ գնահատվում է տրիլիոններով՝ սկսած ջրի, կլիմայի և հողերի հետ կապված կենսական էկոհամակարգային ծառայություններից մինչև էկոտուրիզմ, էներգամատակարարում և հումքի արտադրություն։ Տարբեր հաշվարկներով անտառներն ապահովում են բնության մեջ ջրի շրջապտույտի մոտ 50%-ը։
Անտառային ոլորտը ապահովում է առնվազն 33 միլիոն աշխատատեղ։ Բնական ռեսուրսների, այդ թվում՝ անտառների շնորհիվ ապահովվում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի ավելի քան կեսը՝ մոտ 44 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Անտառային լանդշաֆտները նվազեցնում են մաքուր ջրի ստացման ծախսերը, իսկ ածխածին կուտակելու և ջերմաստիճանը կարգավորելու նրանց կարողությունը օգնում է պաշտպանել տնտեսությունը կլիմայական աղետների հետևանքով առաջացող միլիարդավոր վնասներից։ FAO-ն նշում է՝ կայուն կառավարվող անտառները հիմք են բիոէկոնոմիկայի զարգացման համար։
Շատ գյուղական տարածքների համար անտառները կենսական տնտեսական ռեսուրս են՝ ապահովելով սնունդ, դեղամիջոցներ, վառելիք և եկամուտ։
Անտառային արտադրանքի պահանջարկը հասել է ռեկորդային մակարդակի․ ներկայում տարեկան արտադրվում է մոտ 4 միլիարդ խորանարդ մետր փայտանյութ։ Ըստ ընթացիկ միտումների՝ մինչև 2050 թվականն այդ ծավալը կարող է աճել ևս 1 միլիարդ խորանարդ մետրով՝ պայմանավորված բնակչության աճով և վերականգնվող ռեսուրսների օգտագործման ընդլայնմամբ, ինչն ավելի է ընդգծում անտառների կայուն կառավարման անհրաժեշտությունը։
1 ժամում 1 հա անտառն արտադրում է 200 մարդու համար անհրաժեշտ թթվածին:
Առողջ անտառները՝ բնակչության առողջության գրավականն են։
Հայաստանը համարվում է սակավանտառ երկիր: Մեր անտառները կրճատվել են 1990-ականների մութ ու ցուրտ տարիներին ապօրինի հատումների, անտառային հրդեհների, հիվանդությունների և տնտեսական գործունեութան հետևանքով։
Մարտ 21, 2026 at 11:29