Ես արձակուրդում չեմ, եկել ենք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Ուղղակի ամեն օր չի, որ վարչապետ է գալիս մեր քաղաք։ Այս մասին մայիսի 19-ին Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանկյանը։
Այն ճշտող հարցին, թե տեղի համայնքապետարանի աշխատակիցներից էլ ովքեր են եկել քարոզարշավին, նա պարզաբանել է, որ իր գործընկերներից ոչ բոլորն են ներկա գտնվել հանդիպմանը։
«Ես ընդհամենը թույլտվություն եմ վերցրել ու դուրս եկել։ Սա քարոզարշավ չի․ ամեն օր չի վարչապետ գալիս։ Բացակայության թերթիկով դուրս եմ եկել», – հավելել է Ֆրանկյանը
Նշենք, որ արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը, իր կողմնակիցների ու թիմակիցների հետ նախընտրական քարոզարշավ է անցկացնում Լոռու մարզում։