«Հրապարակ». Փաշինյանի վերընտրվելն աղետալի կլինի համայն հայության համար

«Հրապարակի» զրուցակիցն է «Սփյուռք» հանդեսի (Լիբանան) գլխավոր խմբագիր Սագօ Օգնայեանը: Զրույցը սկսեցինք Լիբանանում տիրող իրավիճակին անդրադարձով։

– Ի՞նչ զարգացումներ կան Լիբանանում, եւ Լիբանանի իրավիճակն ի՞նչ նմանություններ ունի Հայաստանի հետ։

– Լիբանանում տեղի ունեցածը հիմա նույնությամբ կրկնվում է Հայաստանում։ Լիբանանը մշտապես պատերազմների մեջ է եղել։ Լիբանանի ղեկավարության փտածությունն ու կաշառակերությունը, նաեւ Արեւմուտքի՝ հատկապես Ամերիկայի կողմից օգնությունների եւ ներդրումների դադարեցումը երկիրը հասցրել են անդունդի եւ տնտեսական սնանկության։ Պետությունն անկարող է ժողովրդին ապահովել էլեկտրականությամբ, ջրով, մարդկային հիմնական պահանջների՝ առողջապահական, ապահովական եւ ապահովագրական ծառայություններով։ Այս ամենին ավելացել են նաեւ Իսրայելի իրականացրած կործանարար եւ անմարդկային հարձակումները։ Լիբանանը չունի հումք եւ ծանր արդյունաբերություն, այլ հենվում է միայն հանրային սպասարկման՝ ռեստորանների, հյուրանոցների, մշակութային կենտրոնների, ինչպես նաեւ՝ զբոսաշրջության վրա։ Իսկ երբ երկիրն անապահով է, այս երկուսն էլ չեն գործում, ինչի հետեւանքով աճում են գործազրկությունն ու աղքատությունը, եւ դա հանգեցնում է հանցագործությունների թվի աճին։ Լիբանանի եւ Սիրիայի ժողովուրդների մասը կազմող հայերն էլ, մյուսների նման, կրում են նույն սոցիալական եւ տնտեսական դժվարությունները։ Արտագաղթն արագացել է դեպի Ամերիկա եւ Հայաստան։ Իր բազմադավան կառուցվածքն ու հարավային սահմանին Իսրայելի գոյությունը Լիբանանին մշտապես պահում են անկայուն իրավիճակի մեջ։ Իսրայելի կողմից փորձ է արվում շահարկել ներքին պառակտումները՝ քաղաքացիական պատերազմ հրահրելով։ Հանրապետության եւ խորհրդարանի նախագահները փորձում են պահպանել որոշակի հավասարակշռություն, որպեսզի չկրկնվի 1975 թ. իրավիճակը, որը տեւեց 15 տարի։ Այնտեղ տեսնում ենք ամենահզոր ուժին՝ «Հըզբոլլահին», որը ստեղծվել է որպես դիմադրական ուժ՝ ընդդեմ Իսրայելի օկուպացիայի, եւ մշտապես հակազդել ու կանխել է ներքին բախումները։
Լիբանանի բանկերը սնանկացել են, մնացել է միայն բանակը։ Վերջերս, Իսրայելի եւ Ամերիկայի ճնշմամբ, փորձեր արվեցին բանակը հանել «Հըզբոլլահի» դեմ, սակայն չհաջողեցին։ «Հըզբոլլահի» անդամներից մեկը պատմում է․ «Երբ Լիբանանի բանակի հրետանու գնդապետը զինվորին հրամայում է ռմբակոծել Բեյրութի արվարձանը, զինվորը հրաժարվում է, քանի որ իր ընտանիքն այնտեղ է ապրում։ Գնդապետը զենքով սպառնում է զինվորին եւ կրակում նրա վրա, զինվորն էլ պատասխանում է։ Այսպես էլ է լինում»։

– Վերադառնանք հայկական իրականություն։ Ինչպե՞ս եք հեռվից գնահատում ՀՀ ներքաղաքական կյանքը, ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանին, ո՞ւր է նա մեզ տանում՝ դեպի փրկությո՞ւն, թե՞ կործանում։

– Հայաստանի իրականությունը շատ չի տարբերվում Լիբանանից։ Անկախացումից ի վեր, Լիբանանի նման, շեշտը դրվեց սպասարկման, զբոսաշրջության եւ հատկապես առեւտրի վրա։ Մինչդեռ Հայաստանը, ունենալով հանքային հումք, ջրի առատություն եւ արդյունաբերությունը զարգացնելու հնարավորություն, չօգտագործեց դրանք Հայաստանի շահերի համար։ Ցանկացան արագ փող աշխատել եւ հեռուն չմտածեցին։ Հայաստանի առավելությունն այն է, որ այն կազմված է հայությունից։ Եթե Փաշինյանը վերընտրվի, մեր երկիրը կլցվի թուրք-ազերիներով։ Հայաստանը, Լիբանանի նման, մտել է փտածության այնպիսի շրջանակի մեջ, որտեղ պետական բարձրաստիճան պաշտոնյայից մինչեւ ամենափոքր պաշտոնյան զբաղված է կաշառակերությամբ։ Փաշինյանն օգտագործեց այս հանգամանքը, որպեսզի գա իշխանության, սակայն ինքն էլ ընկավ նույն շրջապտույտի մեջ, եւ կաշառակերությունն ու փտածությունը սկսեցին գործել այլ ձեւերով։ Տնտեսական համակարգի քայքայումը սկսվում է վարկեր վերցնելուց, որոնց նպատակը ոչ թե երկրին օգտակար լինելն է, այլ նրան օտարի ազդեցության տակ դնելը։ Լիբանանի բանակը դիմանում է, եւ նրա նշանաբաններից առաջինը՝ «արժանապատվություն, զոհաբերություն, հավատարմություն», համարվում է հիմնականը, մինչդեռ Հայաստանի բանակը Փաշինյանի օրոք զրկվեց իր արժանապատվությունից եւ բարոյալքվեց, որովհետեւ նա թուլացրեց այն։ Փաշինյանն իր անհեռատես զիջումներով կարծում է, թե հեռացնում է պատերազմը՝ ժողովրդին խաբելով, թե խաղաղություն է բերում։ Սակայն Ալիեւի հռետորաբանությունից եւ նրա բանակի պատրաստվածությունից հետեւում է, որ պատերազմի վտանգը կախված է մեր գլխին։ Փաշինյանը չկարողացավ կառավարել երկիրը եւ այն, ռուսական ազդեցությունից դուրս բերելու ցանկությամբ, կապեց Արեւմուտքին ու հատկապես՝ թուրք-ադրբեջանական շահերին։
Ժողովրդավարական երկիրն այն է, որտեղ խորհրդարանը, կառավարությունն ու դատական համակարգը պետք է գործեն միմյանցից անկախ։ Այսինքն՝ մեկը չպետք է միջամտի մյուսի գործերին, հակառակ դեպքում համակարգը վերածվում է բռնապետության։ Փաշինյանն ամեն ինչ վերցրեց իր ձեռքը եւ սկսեց սանձարձակ կերպով գործել՝ սուտ մեղադրանքներով ու զրպարտություններով ձերբակալելով ընդդիմադիրներին։ Եկեղեցականներին սկսեց հալածել, արգելել ամեն ինչ, որպեսզի չնեղացնի Թուրքիային եւ Ադրբեջանին։ Հայաստանը չունեցավ իր ապահով ապագան տնօրինող եւ իրականացնող կառույց։ Փաշինյանի վերընտրվելն աղետալի կլինի համայն հայության համար, որովհետեւ նա իր օրակարգն իրականացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական շահերից ելնելով։ Ամերիկաբնակ լիբանանցի փիլիսոփա Խալիլ Ջիբրանն ասել է․ «Ճշմարտությունը կարող է մերկ քայլել, բայց սուտը միշտ հագնված պետք է լինի»։ Փաշինյանը մի սուտ է խոսում՝ ժողովրդին շահելու համար, եւ այդ սուտը ծածկելու համար մեկ այլ սուտ էլ է ասում։ Իսկ վերջում, երբ այլեւս չի կարողանում գլուխ հանել, սկսում է դատարկախոսել։ Գիտենք, որ քաղաքականությունը մաքուր գործ չէ, սակայն ա՞յս աստիճան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *