«Ատոմային էներգետիկայի խնդիրներն ու հեռանկարները Հայաստանում» թեմայով մասնագիտական քննարկում՝ «Էկոլուր» մամուլի ակումբում

«Ատոմային էներգետիկայի խնդիրներն ու հեռանկարները Հայաստանում» թեմայով մասնագիտական քննարկում՝ «Էկոլուր» մամուլի ակումբում

Սույն թվականի մարտի 12-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ում տեղի ունեցավ «Ատոմային էներգետիկայի խնդիրներն ու հեռանկարները Հայաստանում» թեմայով մասնագիտական քննարկում։ Քննարկմանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը, «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը, ՄԱԶԾ միջազգային խորհրդատու Դիանա Հարությունյանը, «էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի նախագահ Վահան Սարգսյանը, Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ Մասիս Սարգսյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը, Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Հրաչյա Սարգսյանը, փորձագետներ Արա Մարջանյանը, Մկրտիչ Ջալալյանը, Գագիկ Մարտոյանը, Արսեն Ղազարյանը, Ռոզա Ջուլհակյանը, Էկոլուրի թիմը։

Ներկաներին ողջունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը՝ մաղթելով արդյունավետ քննարկում։

Բացման խոսքով մասնակիցներին դիմեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։ Նա նշեց, որ աշխարհաքաղաքական հակամարտությունների սրացումն ու նավթագազային ոլորտի ներքին ռազմավարությունների վերագնահատումը հանգեցրել են Եվրոպայի էներգետիկ հաշվեկշռում միջուկային էներգետիկայի դիրքերի ուժեղացմանը։ Սույն թվականի մարտի 10-ին Փարիզում տեղի ունեցած միջուկային էներգետիկային նվիրված համաժողովի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ափսոսանք է հայտնել Եվրոպայի էներգետիկ հաշվեկշռում միջուկային էներգիայի մասնաբաժնի նվազման կապակցությամբ և հայտարարել մինչև 2030 թվականը Եվրամիության ամբողջ տարածքում փոքր մոդուլային ռեակտորների ներդրման և անդամ պետությունների իրավական ակտերի ներդաշնակեցման նպատակի մասին։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցեց ֆոն դեր Լայենի գաղափարներին և առաջարկեց ստանդարտացնել ռեակտորների կառուցվածքներն ամբողջ Եվրոպայում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց, որ համակարծիք է Եվրահանձնաժողովի նախագահի հետ, որ միջուկային էներգիայից հրաժարվելը ռազմավարական սխալ էր։ Փաստորեն, համաժողովը խթան հանդիսացավ միջուկային էներգետիկայի ոլորտում քաղաքական նախաձեռնությունների վերականգնման համար, ուրվագծեցին հնարավոր նպատակներն ու տեխնիկական լուծումների անհրաժեշտությունը։ Անկասկած է, որ յուրաքանչյուր երկիր այս հարցերը կլուծի՝ ելնելով սեփական շահերից և, ամենակարևորը, հնարավորություններից, ինչը միշտ չէ, որ համապատասխանում է քաղաքացիական հասարակության սպասումներին։ Մեր քննարկման նպատակն է լսել մասնագետների միջուկային էներգետիկայի ոլորտի վերաբերյալ։ Այսօր բոլորը խոսում են, բացի էներգետիկներից։ Էներգետիկները, որպես կանոն, լուռ աշխատում են։ Մենք ուզում ենք, որ էներգետիկների ձայնը լսելի լինի, մասնագետները պետք է ասեն իրենց խոսքը»,- ասաց Ինգա Զարաֆյանը։

Այնուհետև փորձագետ Արա Մարջանյանը հանդես եկավ ատոմային էներգետիկայի հիմնախնդիրների վերաբերյալ զեկուցմամբ։ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը հանդես եկավ «Հայկական ատոմային էլեկտրակայանի վիճակի մասին» զեկուցմամբ, որին հաջորդեցին ելույթներն ու հարցադրումներ։

Շարունակելի

Մարտ 17, 2026 at 17:02

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *