Եվրոպայից մոտ 5 հազար զինծառայողից բաղկացած զրահատանկային բրիգադ դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումը չի խարխլի տարածաշրջանում դաշինքի պաշտպանական ծրագրերը։ Դրա մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը, հայտնում է Reuters-ը։
Երեքշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների շտաբների պետերի հետ հանդիպումից հետո ունեցած ելույթում Գրինկևիչն ընդգծել է, որ եվրոպացի դաշնակիցներն ու Կանադան աստիճանաբար ավելի մեծ պատասխանատվություն են ստանձնում Եվրոպայի սովորական (կոնվենցիոնալ) պաշտպանության համար, մինչդեռ Միացյալ Նահանգները շարունակում է ապահովել առանցքային ռազմական կարողությունները։
Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի անվտանգության կառուցվածքում ԱՄՆ-ի դերն աստիճանաբար կփոխվի։ «Քանի որ դաշինքի եվրոպական բաղադրիչն ավելի է ուժեղանում, դա Միացյալ Նահանգներին թույլ է տալիս կրճատել ներկայությունը Եվրոպայում և կենտրոնանալ միայն այն կրիտիկական կարողությունների տրամադրման վրա, որոնք դաշնակիցները դեռևս ինքնուրույն ի վիճակի չեն ապահովելու»,- հայտարարել է Գրինկևիչը։
Նա նշել է, որ չի կարող հստակ ժամկետներ հայտնել ամերիկյան ներկայության կրճատման վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ այդ գործընթացը կլինի աստիճանական և կտևի մի քանի տարի։
Հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև պաշտպանական բեռի վերաբաշխման շուրջ ՆԱՏՕ-ի ներսում շարունակվող քննարկումների, ինչպես նաև գլոբալ անվտանգության ոլորտում աճող անկայունության ֆոնին։