Հորմուզի նեղուցով անցել է Կորեայի Հանրապետության հետ կապ ունեցող առաջին լցանավը

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ Հարավային Կորեայի հետ կապված նավթային լցանավ է անցել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։

Սա հնարավոր է դարձել Սեուլի և Թեհրանի միջև խորհրդակցությունների շնորհիվ։ «Մեր լցանավն անցել է Հորմուզի նեղուցը և շարունակում է իր ուղղությունը»,- հայտնել են Սեուլում՝ հավելելով, որ նավն արդեն դուրս է եկել «վտանգավոր ջրերից»։

Մայիսի 4-ին պայթյուն և հրդեհ էր բռնկվել Հորմուզի նեղուցում Պանամայի դրոշի ներքո նավարկող և կորեական ընկերության կողմից շահագործվող «Նամու» նավի վրա։ Բորտում եղած 24 հոգանոց անձնակազմից տուժածներ չեն եղել։ Բեռնատար նավը տեղափոխվել էր Էմիրությունների նավահանգիստ, որտեղ Հարավային Կորեայի 7 փորձագետներից կազմված միջգերատեսչական խումբը հետաքննություն է անցկացրել դեպքի վերաբերյալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե «Նամու» նավին իբր հարվածել է իրանական կողմը, և Սեուլին կոչ էր արել միանալ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի ուղեկցման «Ազատություն» նախագծի առաքելությանը։ Սեուլում Իրանի դեսպանատունն իր հերթին ընդգծել էր, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը որևէ կապ չունեն այդ միջադեպի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *