Ուկրաինայի զինված ուժերը մայիսի 22-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Լուգանսկի մարզի Ստարոբելսկ քաղաքին․ գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Ռուսական կողմի պնդմամբ՝ թիրախում է հայտնվել տեղի մանկավարժական համալսարանի քոլեջի հանրակացարանի շենքը, որտեղ հարձակման պահին քնած են եղել տասնյակ դեռահասներ:
Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ: Տեղական առողջապահական մարմինների տվյալներով՝ բժշկական օգնության համար է դիմել 40 մարդ, որոնցից 35-ը՝ 14-ից 18 տարեկան անչափահասներ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տեղի ունեցածը ահաբեկություն է և չի կարող լինել պատահական, քանի որ գրոհը տեղի է ունեցել երեք ալիքով՝ 16 ԱԹՍ-ի գործադրմամբ։