Ռուսական Ռոմանովների կայսերական դինաստիային պատկանող պատմական հազվագյուտ շափյուղան վաճառքի կդրվի Ժնևի Sotheby’s աճուրդի տանը․ գրում է ТАСС-ը:
197.8 կարատանոց ցեյլոնյան թանկարժեք քարը տեղադրված է Cartier ընկերության պատրաստած ադամանդներով զարդարված ապարանջանի վրա: Նախնական գնահատականով՝ զարդի արժեքը 1.02-2.05 միլիոն դոլար է։
Sotheby’s-ի մասնագետների կարծիքով՝ քարն առանձնանում է բնական, ջինջ կապույտ երանգով։ Այն ջերմային մշակման չի ենթարկվել, ինչն է՛լ ավելի է բարձրացնում դրա պատմական ու ոսկերչական արժեքը:
Ինքնատիպ շափյուղան ձեռքից ձեռք է անցել: Այն ժամանակին եղել է Ռուսական կայսրության թագավորական գանձերի մաս, բայց 1917-ի հեղափոխությունից հետո հայտնվել է Cartier ոսկերչական տան մոտ: 1927-ին քարը ձեռք է բերել լեհ-ամերիկյան օպերային երգչուհի և կոլեկցիոներ Գաննա Վալսկան:
1971-ին Վալսկան իր հավաքածուի զարդերը, այդ թվում՝ շափյուղան, վաճառքի է հանել Նյու Յորքի Sotheby’s Parke Bernet աճուրդում: Այդ ժամանակ քարն անցնել է մեկ այլ մասնավոր կոլեկցիոների։
Տասնամյակներ անց՝ 1992-ին, շափյուղան նորից հայտնվել է Ժնևի Sotheby’s աճուրդում և այժմ էլ անցել արդեն 3-րդ կոլեկցիոներին։
Վերջինս 2015-ին դիմել է Cartier ոսկերչական տանն ու շափյուղայի համար ադամանդակուռ ապարանջան պատվիրել։