«Հրապարակ»․ Սրանք ռասիստներ են, ֆաշիստներ, որոնք չունեն միտք ու բովանդակություն

Երկու օր առաջ, առավոտյան ԱԱԾ աշխատակիցներ ներխուժեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թեւանյանի գրասենյակ։ Նախօրեին Փաշինյանն անձամբ էր հայտարարել, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու՝ պետական դավաճանության եւ լրտեսության մեղադրանքով։ Տեղեկացանք, որ մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ քրեական հետապնդում հարուցելու համար: Սակայն մայիսի 21-ին Թեւանյանը դեռ տեղյակ չէր, թե ինչում են իրեն մեղադրում, եւ ամենակարեւորը՝ նա ոչ մի անգամ չէր հարցաքննվել, չէր հրավիրվել իրավապահ մարմիններ։ Իսկ նույն օրը տարածված ՔԿ հաղորդագրությունից իմացանք, որ «Թեւանյանը, 2024 թվականին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել է լրտեսություն: Նա հավաքել եւ 622 հազար դոլարի դիմաց նրան է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թ․ ապրիլին ԱԺ-ում տեղի ունեցած փակ, գաղտնի լսումների ընթացքի եւ արդյունքների մասին ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդկերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության»: Թե ինչու ԱԱԾ-ն ու ՔԿ-ն այդ գործին 2 տարի ընթացք չեն տվել եւ ինչ ապացույցներ ունեն այս պնդումների համար, պարզ չէ։

Նույն օրը, վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել Անդրանիկ Թեւանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, ապա՝ նրա տանը: Նկատենք, որ այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը, որը, ի դեպ, այս պահին վարչապետ չէ, իր քարոզարշավի ժամանակ Թեւանյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ, ինչից հետո իրավապահները հլու-հնազանդ կատարեցին ՔՊ առաջնորդի հրահանգը:

Ռեժիսոր, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Փաշինյանի՝ դավաճաններ բացահայտելու մարմաջի մասին, նկատում է. «Հայաստանում տրանսֆորմացիա է տեղի ունեցել: Մեր երկիրն ամբողջապես օկուպացիայի տակ է, այդ պատճառով էլ իրական պետական դավաճանները, նրանք, ովքեր մեզ դավաճանեցին, խաբելով, թե պայքարը հանուն հայրենիքի է: Հայաստանում կան Թուրքիայի ներկայացուցիչներ, իսկ Թուրքիան գործում է նաեւ ընդդեմ Ռուսաստանի: Բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, եւ միայն ծայրահեղ հավը կարող է հավատալ, որ Փաշինյանի հրահանգով հարուցված քրեական գործերը ճշմարիտ են, սկսած դեռ Յուրի Խաչատուրովի գործից, վերջացրած Ռոբերտ Քոչարյանի դեմ գործով: Ինչպես որ մեր հայրենակիցներից շատերը Բաքվում են գերության մեջ հայտնվել, այնպես էլ նույն ապօրինություններով մերոնք են Հայաստանի ներսում դատվում: Դավաճաններին չհեռացնելը հանգեցնում է նրան, որ նրանք այնքան են հղփացել, որ այդ իրենք են դավաճաններ փնտրում, բայց մենք, միեւնույն է՝ երկիրը փրկելու ենք սրանցից: Նրանք երկու օր առաջ Նարեկ Կարապետյանի մասին էին ստեր տարածում, Սամվել Կարապետյանի մասին սկսեցին ստեր տարածել, ինչ-որ ֆեյք, խաղալիք տեսանյութեր էին տարածում: Սրանց նպատակը հայ ժողովրդի ցեղասպանությունն է, այլ ոչ թե արդարություն հաստատելը: Այսօր հարկավոր է Անդրանիկ Թեւանյանին դատել՝ դատում են, պետք է Մարտուն Գրիգորյանի տուն մտնել՝ մտնում են: Սրանք ռասիստներ են, ֆաշիստներ, որոնք չունեն միտք ու բովանդակություն: Սրանք՝ մտածված, արցախցիների դեմ ատելություն են տարածում, իսկ հետո արդարանում են, թե իբրեւ միայն էլիտային նկատի ունեն, բայց ատելության բուրգը հենց այդպես է աշխատում: Նախ սկսում ես էլիտաներին թիրախավորել, իսկ հետո այդ ազդեցությունն անցնում է սովորական ժողովրդին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *