Գաբարդի գլխավորած ԱՄՆ Ազգային հետախուզությունը արդեն մի քանի ամիս է, ինչ հակասությունների մեջ է ԿՀՎ-ի հետ․ Axios

Թուլսի Գաբարդը, ով լքում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը, դժվարությամբ է հարմարվել վարչակազմին և ինտեգրվել Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի աշխատանքներին, քանի որ նա նախկին դեմոկրատ է և պատերազմական իրավիճակում գտնվող հանրապետական վարչակազմում հանդես է գալիս ռազմական միջամտությունների դեմ, հայտնում է Axios-ը։

Անցած ամիս Գաբարդը հազիվ է խուսափել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնանկ արվելուց. այդ մտքից հետ կանգնելու հարցում նրան համոզել է նրանց ընդհանուր ընկեր Ռոջեր Սթոունը, ով երկար ժամանակ եղել է Թրամփի արտաքին խորհրդականը: Մինչդեռ Թրամփի մեկ այլ վստահված անձ՝ Լորա Լումերը, հաճախ է քննադատել Գաբարդին:

Պարբերականն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակի ողջ ինտրիգը կայանում է նրանում, որ Գաբարդի գլխավորած Ազգային հետախուզությունը արդեն մի քանի ամիս է, ինչ կուլիսային «պատերազմի» մեջ է ԿՀՎ-ի (Կենտրոնական հետախուզական վարչություն) հետ: Այս հակամարտությունը հանրությանը հայտնի դարձավ անցյալ շաբաթ՝ Սենատի ներքին անվտանգության կոմիտեում կայացած լսումների ժամանակ։

ԿՀՎ-ի ներկայացուցիչը, ով ընդգրկված է եղել Գաբարդի հատուկ տնօրենների նախաձեռնող խմբում, ցուցմունք է տվել, որ իր գերատեսչությունը խոչընդոտել է Ազգային հետախուզության ջանքերին՝ կապված Ջոն Քենեդիի գործի նյութերի, COVID-ի ծագման և, այսպես կոչված, «առողջական անոմալ միջադեպերի» (որոնք սովորաբար անվանում են «Հավանայի սինդրոմ») վերաբերյալ հավելյալ տեղեկություններ հավաքելու հետ:

Այնուամենայնիվ, ԿՀՎ մեկ այլ ներկայացուցիչ հերքել է այս ցուցմունքները՝ հայտարարելով, որ գործակալությունը ոչ մի կերպ չի խոչընդոտել Ազգային հետախուզության աշխատանքներին:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Իրանին հարվածելու Թրամփի որոշման պատճառով Գաբարդի անցյալը՝ որպես ռազմական միջամտությունների հակառակորդ և պատերազմի դեմ վճռականորեն արտահայտվող գործիչ, հակասության մեջ է մտել պատերազմական իրավիճակում գտնվող վարչակազմի դիրքորոշման հետ:

Անցած ամռանը Թրամփը հրապարակայնորեն հերքել էր Գաբարդի ավելի վաղ տված ցուցմունքներն այն մասին, թե Իրանը միջուկային զենք չի ստեղծել և չի վերսկսել իր միջուկային ծրագիրը։ Գաբարդն այդ ժամանակ պնդել է, որ իր և նախագահի միջև տարաձայնություններ չկան:

Գաբարդի հեռանալուն նախորդել էր նրա նախկին գլխավոր օգնական, Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթի հրաժարականը, ով մոտ երկու ամիս առաջ լքել էր վարչակազմը՝ ներկայացնելով բավականին կտրուկ հայտարարություն։ Քենթը, ով Ներկայացուցիչների պալատի անդամության նախկին հանրապետական թեկնածու է, իր նամակում պնդել է, որ Թրամփը Իրանի դեմ պատերազմ է սկսել Իսրայելի ճնշման ներքո, թեև Թեհրանը ԱՄՆ-ի համար «անմիջական սպառնալիք» չի ներկայացրել։

Ի պատասխան՝ Գաբարդը, առանց Քենթի անունը տալու, նշել է, որ նախագահը եկել է այն եզրակացության, թե «Իրանի ահաբեկչական իսլամիստական ռեժիմն անմիջական սպառնալիք է ներկայացնում երկրի համար»։

Երբ մարտին Գաբարդին հարցրել են, թե արդյոք Իրանն անմիջական սպառնալիք է, նա հայտարարել է, որ «միակ մարդը, ով կարող է որոշել՝ ինչն է անմիջական սպառնալիք, և ինչը՝ ոչ, նախագահն է»։

Գաբարդը չորրորդ պաշտոնյան է, ով այս ժամկետի ընթացքում լքում է Թրամփի կաբինետը։ Ավելի վաղ Ներքին անվտանգության նախկին նախարար Քրիստի Նոեմը և նախկին գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հեռացվել էին իրենց պաշտոններից, իսկ Լորի Չավես-Դերեմերը հրաժարական էր տվել աշխատանքի նախարարի պաշտոնից։

Դրանից առաջ Գաբարդը և անձամբ ԱՄՆ նախագահը հայտնել էին Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնից նրա սպասվող հրաժարականի մասին՝ պատճառաբանելով նրա ամուսնու հազվադեպ հանդիպող ծանր հիվանդությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *