
«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը խիստ մտահոգված է իր անվտանգության հարցերով։ Նա շատ է վախեցել դիմակավորված «արցախցիների» տեսանյութից, բայց քանի որ շատ է ուզում վերընտրվել և դրա համար այլ ճանապարհ չի տեսնում, քան իր մրցակիցների հասցեին լուտանքներ տեղալն է, անում է դա, բայց նաև հասկանում է, որ այս փուլում իր թշնամիների բանակը մեծացրել է, իրեն ատողների կայուն բանակ է ձևավորվել և դա հղի է վտանգներով։
Մեր աղբյուրն ասում է, որ նա հատկապես անհանգիստ է մայիսի 28-ի միջոցառումների հետ կապված։ Նա անհանգստանում է, որ իր նախընտրական քարոզարշավի առանցքային իրադարձություններից մեկը կարող է խափանվել և իր անվտանգությունն ապահովելն այդ օրը շատ բարդ է լինելու։ Նա այնքան է հայ հանրության նուրբ զգացումները տրորել և այնքան շատ մարդու է անպատվել ու վարկաբեկել, մասնավորապես Արցախից բռնի տեղահանվածների հասցեին է գռեհիկ խոսել, նրանց հետ հրապարակային կոնֆլիկտներ է հրահրել, բղավել՝ «ինչու դու չես զոհվել», որ ենթադրում է՝ այդ օրը ամբոխից կարող են մի երկու քար նետել իր ուղղությամբ, ուստի խստիվ հրահանգել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին և ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները «կայուն անվտանգություն» ապահովելու համար։
Մենք տեղեկացանք, որ նախապես կազմում են ստուգված, հավատարիմ ու վստահելի մարդկանցից կազմված ցուցակ, որոնք կկարողանան մոտենալ Փաշինյանին և հարցեր տալ կամ զրուցել՝ «վարչապետի և բնակչության միջև բաց շփման» պատրանք ստեղծելու համար։ Հրահանգվել է նաև ամեն ինչ անել, որ ագրեսիվ քաղաքացիների մուտքը բացառվի տարածքում»։