Եթե Հայաստանը լիներ կայացած պետություն, այս շաբաթվա իր վարքի համար Փաշինյանն արդեն հասարակությունից մեկուսացված կլիներ՝ կա՛մ կալանավայրում, կա՛մ հոգեբուժարանում։ Փողոցում կենդանու նման ձայնարկող ու մարդկանց վրա հարձակվող արարածին ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ շարոնակի մնալ հանրության մեջ։ Հետաքրքիր է՝ հարբեցողը կամ թմրամոլը կարո՞ղ է նման վարք դրսեւորել, թե՞ դա միայն հոգական խանգարում ունեցողներին է հատուկ։
Ամեն պարագայում, Արաբկիրում տված կիսախելագար гастроль-ներից հետո պարզ էր, որ Սամվել Կարապետյանի դեմ պայքարելու ոչ մի քաղաքական միջոց այլեւս ՔՊ-ն եւ Փաշինյանը չունեն։ Հետեւաբար, զարմանալի չէ, որ հաջորդ օրն իրենք լուր տարածեցին, թե իբր Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ինչն անմիջապես հերքվեց ե՛ւ Նարեկ Կարապետյանի, ե՛ւ ՌԴ իշխանությունների կողմից։ Անհավանական է, այդ հերթական փուչիկը որեւէ շարունակություն չի ունենա։
Սակայն միայն հենց այն, որ ՀՀ ՆԳՆ-ն ինքնաբուխ, թե Փաշինյանի ցուցումով պատգամավորական թեկնածուների երկքաղաքացիության հարցերով է զբաղվում, արդեն ծիծաղ է առաջացնում։ Որտե՞ղ էր այդ ՆԳՆ-ն այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանը Հայաստանում պաշտոնավարում էր որպես երկրի նախագահ։ Եվ դա արվում էր Փաշինյանի կեղծումով, Փաշինյանի կոծկումով, Փաշինյանի հանցավոր ստախոսությամբ։
2018թ․ փետրվար-մարտին ես եմ եղել այն անձը Հայաստանում, որ հրապարակավ բացահայտել է Արմեն Սարգսյանի բրիտանական քաղաքացիությունը։ Եվ դա մեկ հոդվածով չի արվել, այլ ամբողջ յոթ հոդվածից բաղկացած շարքով, որ տպագրվել է «Հրապարակում»։ Իրավապահ համակարգի եւ Նիկոլ Փաշինյանի հիշողությունը թարմացնելու համար հոդվածների վերնագրերը, հղումները, տպագրության օրերը ստորեւ մեջբերում եմ։
1. ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԻՑ՝ ՈՉ, ԲԱՅՑ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՏԱՍԽԱՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ https://hraparak.am/post/5a7a9e94d048cc3c81f7b5d0 (փետրվարի 7, 2018թ․ )
2. ՀՀԿ-ՈՒՄ ԱՎԵԼԻ ԼԱ՞Վ ԳԻՏԵՆ, ԹԵ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԿԻՆԸ ՈՐՏԵՂ ԵՆ ԱՊՐՈՒՄ
https://hraparak.am/post/5a8283ad7c8a7e0acb37bcc1 (փետրվարի 13, 2018թ․)
3. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ
https://hraparak.am/post/5a867724e8e4f44df63e8a3d (փետրվարի 16, 2018թ․)
4. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ
https://hraparak.am/post/5a9105a4afeead06c89dde0e (փետրվարի 24, 2018թ.)
5. ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏԵՑ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ 2012-14ԹԹ. ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ
https://hraparak.am/post/46c7a0b443d55de49a8616ce3a62e67c (փետրվարի 27, 2018թ․)
6. ՄԱԾՈՒՆԸ ՍԵՎ Է, ՇՐՋԱՆԸ՝ ՔԱՌԱԿՈՒՍԻ, ԻՍԿ ԽՆՁՈՐԸ ԲԱՆԱՆ Է
https://hraparak.am/post/5a9988b228bd1869d6a91753 (մարտի 2, 2018թ․)
7. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԽՆԴՐՈՎ ՄԵՐ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է https://hraparak.am/post/5aacb30d8bfa9a61672a03a0 (մարտի 17, 2018թ․)։
Քանի որ հոդվածաշարը տպագրել եմ ես, ինձ մոտ են Արմեն Սարգսյանի բրիտանական քաղաքացիությունն ապացուցող փաստաթղթերը, որոնք, ի դեպ, ոչ թե ինչ-որ Ալեն Սիմոնյանի կողմից «գտնված», չգիտես ինչ կառույցի, գոյություն ունեցող թե չունեցող ինչ-որ կայքի վերագրվող տեղեկություն կամ screenshot են՝ ոչ մի փաստաթղթային հիմք չունեցող (այսինքն՝ գործնականում զրպարտություն, որի համար Նարեկ Կարապետյանը ճիշտ կվարվի, եթե Ալեն Սիմոնյանին դատի տա՝ դիտավորությամբ իր հասցեին զրպարտանք տարածելու եւ իր քաղաքական գործունեությանը խոչընդոտել փորձելու համար), այլ Մեծ Բրիտանիայի պաշտոնական մարմնի պաշտոնական փաստաթղթեր են, որտեղ որեւէ կեղծիք թույլ տալը պատժվում է որպես քրեական հանցագործություն (մանրամասները՝ «ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏԵՑ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ 2012-14ԹԹ. ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ» հոդվածում ):
Ահա, այդ պաշտոնական փաստաթղթերում, որոնք 2018-ին հրապարակել ենք եւ վաղը կայքում նորից կհրապարակենք, Արմեն Սարգսյանն իր ձեռքով սեւով-սպիտակին գրել, ստորագրել եւ Միացյալ Թագավորության Եկամուտների, հարկերի եւ տուրքերի ծառայությանը Her Majesty’s Revenue & Customs (HMRC) հաղորդել է, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է (Country/State Usually Resident: UNITED KINGDOM, Nationality: BRITISH)։ Դա արել է ե՛ւ 2011-ին, ե՛ւ 2012-ին, ե՛ւ 2013-ին, ե՛ւ 2014-ին։ 2015-ին ուղղակի Eurasia House International ընկերությունը լուծարվել է, եւ հաշվետվություններ չկան։ Եթե Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ չի հարուցվել, եւ նա ազատության մեջ է, նշանակում է՝ փաստաթղթերում տեղեկություններ չեն կեղծվել։ Իսկ եթե չեն կեղծվել, եւ առնվազն 2011-ից ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է (որտեղ էլ անամոթաբար ճողոպրեց 2022-ին եւ հետո Լոնդոնից գրավոր տեղեկացրեց ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին), ապա պետք է ՀՀ սահմանադրությունը ոտնահարելու համար, որպես քրեական հանցագործ, դատվի Հայաստանում, քանի որ ՀՀ սահմանադրությունը պահանջում է, որ ՀՀ նախագահի թեկնածուներն առնվազն վերջին 6 տարում հանդիսացած լինեն միայն ՀՀ քաղաքացի։ Եվ այդ հոդվածը չի փոխվել Արմեն Սարգսյանին ընտրելուց առաջ։
Իսկ Սահմանադրությունը ոտնահարող հանցագործության մասին իմանալ-չհայտնելու հիմքով պետք է պատասխանատվության ենթարկվեն նաեւ 2018-ի ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամները, որոնք կեղծիքով Միացյալ Թագավորության քաղաքացուն ընտրել են ՀՀ նախագահ։ Եվ նրանցից ոչնչով չտարբերվող Նիկոլ Փաշինյանը, որը եւս չորս տարի կեղծել ու կոծկել է Արմեն Սարգսյանի բրիտանական քաղաքացիությունը, դեռ մի բան էլ առանձին հանցագործություն է կատարել՝ ստելով, թե Արմեն Սարգսյանի՝ ՄԹ քաղաքացիության չեղարկման փաստաթուղթ է տեսել։ Այդպիսի փաստաթուղթ բնության մեջ գոյություն չունի ( ՄԹ ՆԳ քարտուղարի ստորագրությամբ եւ դրոշմակնիքով), եւ դա վստահ կարող եմ ասել 2018-2019 թվականներին Միացյալ Թագավորության Home Office-ի հետ իմ ունեցած գրագրության արդյունքում, որոնք՝ բոլորը, նույնպես առկա են։
Այնպես որ, Սամվել Կարապետյանին rebranding եղած ՀՀԿ-ական կոչելուց առաջ Փաշինյանը թող իր աչքի գերանը տեսնի եւ ՀՀԿ-ականների հետ համատեղ կատարած իր հանցագործությունները։ ՆԳՆ-ն էլ եթե նախընտրական շրջանում ի չարս գործադրվող վարչական ռեսուրսի դերում չէ, թող քրեական վարույթ նախաձեռնի։ Միջազգային դիտորդները, կազմակերպություններն ու դեսպաններն էլ թող տեսնեն, թե ինչ անարժանապատիվ, ստախոս եւ կեղծարար արարածի հետ գործ ունեն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։






