ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ մեր երկրի ղեկավարը նշում է, որ Ռուսաստանի ղեկավարը 2 անգամ Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, որից հետո է Հայաստանը այն ճանաչել Ադրբեջան:
Ի՞նչ կապ ունեն ՌԴ նախագահի դիրքորոշումները անկախ, ժողովրդավարական Հայաստանի իշխանության դիրքորոշումների հետ։
2025-ի հունիսի 19-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստովանեց, որ 2018-2022-ը եղել է ֆորպոստի վարչապետ։ Այսպիսով ակնարկեց, որ իր որոշումներում անկախ չի եղել, առաջնորդվել է Մոսկվայի թելադրանքով։ Եվ ինչպես վայել է ֆորպոստի վարչապետին, առաջնորդվել է այն սկզբունքներով, որոնք թելադրվել են դոմինյոնի կողմից։ Տվյալ օրինակում՝ եթե Մոսկվան 2 անգամ ասում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է, ապա ֆորպոստի վարչապետը կրկնում է նույնը։
Այս տրամաբանությամբ կարելի է ասել, որ այն ամենն ինչ ասել և արել է Նիկոլ Փաշինյանը 2018-2022-ին, ներառյալ ներքին քաղաքականությանն առնչվող հարցերը, թելադրվել են Կրեմլից։
Հայաստանի ռուսամետ քաղաքական գործիչներն ու ռուս որոշ գործիչներ, այդ թվում՝ Պուտինը, ասում են, թե Փաշինյանի 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում արած հայտարարությունն անակնկալ էր իրենց համար, իբր՝ չէին սպասում։ 2026-ի ապրիլի 1-ին Մոսկվայում Փաշինյանը ակնարկեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի մասն ճանաչել է Պուտինի անուղղակի թելադրանքով։
Այսինքն՝ Փաշինյանն այսպիսով՝ հակադարձեց Պուտինին և հայկական որոշ գործիչներին, ցույց տալով, որ այդ հայտարարությունն արել է ոչ թե ի հեճուկս Կրեմլի, այլ նրա անուղղակի թելադրանքով, քանի որ մինչ այդ Պուտինը երկու անգամ հրապարակավ հայտարարել էր, թե Արցախը Ադրբեջանի մաս է։ Այսպիսով ապացուցվեց նաև, որ ՀՀ-ում ամենառուսամետ գործիչը Փաշինյանն է, որը Պուտինի կողմից երկու անգամ կրկնված խոսքը որպես ուղիղ թելադրանք, ուղենիշ է ընդունում։
Փաշինյանի այս ուղղակի բացահայտմանը պարոն Պուտինը չհակադարձեց։ Եթե հարցներ, թե իր ճանաչելն ի՞նչ կապ ունի ՀՀ իշխանության դիրքորոշման հետ, ապա տպավորություն կստեղծեր, թե Ռուսաստանը չի ուզում Հայաստանում ազդեցություն ունենալ, քաղաքականություն թելադրել և այլն։ Սրանից հետո ՀՀ-ում գործող բոլոր ռուսամետ ուժերը ողջամտորեն կփոխեին իրենց դիրքորոշումը ու կդառնային անկախության ու ժողովրդավարության ջատագովներ, ռուսական զորքերը դուրս հրավիրելու թեմա կբացվեր, ռուսերենը դպրոցներից հանելու հարց կբարձրանար և այլն։
Այս ամենը հաշվի առնելով՝ Պուտինը լեզուն կծեց ու չշարունակեց։ Փաստացի ապացուցված կարելի է համարել, որ Փաշինյանը Կրեմլի անուղղակի թելադրանքով է հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս։ Իսկ գուցե ՀՀ-ն Կրեմլի թելադրանքո՞վ է նաև ԵՄ-ին անդամակցելու մասին օրենք ընդունել, բայց հայտ չի ներկայացնում, ՀԱՊԿ-ում սառեցնում է անդամությունը, բայց դուրս չի գալիս, տրտնջում ռուսների հակահայ խոսույթի դեմ, բայց այդ տրտունջը չի դառնում օրենք, կառավարության որոշում և պաշտոնական դիրքորոշում։
Կարճ ասած՝ ենթադրելի է, որ ՔՊ-ական տրամաբանությամբ՝ ինքնիշխանության սահմանը մինչև ռուսների 2 անգամ ասելն է, այսինքն՝ երբ Կրեմլից երկու անգամից ավելի ասում են մի բան, ապա այն ՔՊ-ի համար բացարձակ ճշմարտություն է դառնում, տեսակետ, դիրքորոշում։
Սա ինքնին հակասում է ինքնիշխանության ոգուն։ Հիմա, եթե Ռուսաստանը 3 անգամ Սյունիքը ճանաչի Թուրքիայի մաս, իսկ 4 անգամ էլ Լոռին Վրաստանի մաս, 5 անգամ Գեղարքունիքը Ադրբեջանի մաս, ՔՊ-ն է՞լ է ճանաչելու։ Կամ եթե Կրեմլից 2 անգամ ասեն, որ Փաշինյանը պիտի պարտվի ռուսամետներին, ապա ՔՊ-ն խոնարհաբար պարտվելո՞ւ է, և պատերա՞զմ է սկսվելու սեպտեմբերին։ Հավանաբար՝ այս տրամաբանությամբ են ռուս բարձրաստիճան մի քանի գործիչներ ապրիլի 1-ից հետո հրապարակավ վիրավորում Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ական իշխանություններին։
Թաթուլ Մկրտչյան