Սույն վերլուծության շրջանակում ԿԲ նախագահների համեմատական գնահատման համար ընտրվել են Տիգրան Սարգսյանի, Արթուր Ջավադյանի և Մարտին Գալստյանի առաջին 6 տարվա պաշտոնավարման ժամանակահատվածները։ Առաջին երկու ԿԲ նախագահների՝ Իսահակ Իսահակյանի և Բագրատ Ասատրյանի, պաշտոնավարման տարիները չեն ներառվել համեմատության մեջ, քանի որ դրանք վերաբերում են ՀՀ դրամավարկային համակարգի ձևավորման, ազգային արժույթի ներդրման և անցումային տնտեսությանը բնորոշ բարձր մակրոտնտեսական անկայունության փուլին։ Այդ տարիներին դրամավարկային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակը և մակրոտնտեսական միջավայրն էականորեն տարբերվել են հետագա շրջաններից, ինչի պայմաններում գնաճի ցուցանիշների ուղղակի համեմատությունը կարող էր հանգեցնել մեթոդաբանականորեն ոչ համադրելի եզրակացությունների։ Ուստի առաջին երկու նախագահների պաշտոնավարման տարիները դիտարկվում են որպես համակարգի ձևավորման պատմական փուլ, իսկ քանակական համեմատությունը կենտրոնանում է ավելի համադրելի ժամանակաշրջանների վրա։ Հարկ է նշել, որ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման առաջին 6 տարին ներառում է 1999-2004թթ․, Արթուր Ջավադյանի պարագայում՝ 2009-2014թթ․, և Մարտին Գալստյանի դեպքում՝ 2020-2025թթ․ ժամանակահատվածը։
Վերոնշյալ ԿԲ նախագահների գործունեությանը գնահատական տալու համար առկա են տարբեր ցուցանիշներ, որոնցից ամենակարևորը, թերևս, գնաճի ցուցանիշն է։
Դիտարկվել են վերոնշյալ ժամանակահատվածներում գնաճի (տվյալ ամիսը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ) դինամիկան։ Առկա վիճակագրական տվյալների օգնությամբ հաշվարկվել է գնաճի տատանողականության մակարդակը։
Պարզ է՝ որքան բարձր է տատանողականությունը, այնքան ավելի մեծ խնդիրներ են առաջանում տնտեսությունում։
Հետևաբար, որոշակի իմաստով գնաճի պատշաճ մակարդակի պահպանման տեսանկյունից արդյունավետ կարելի է համարել ԿԲ այն նախագահի գործունեությունը, ում պաշտոնավարման առաջին 6 տարում գնաճի տատանողականությունը ամենացածրն է եղել։
Նախքան հաշվարկներ իրականացնելը ստորև բերված գծապատկերի օգնությամբ դիտարկենք գնաճի դինամիկան ԿԲ նախագահների պաշտոնավարման առաջին 6 տարիներին․
Ներկայացված վիճակագրական տվյալների հիման վրա իրականացված հաշվարկները փաստում են, որ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման առաջին 6 տարիներին (1999-2004թթ) գնաճը միջինում կազմել է 2․7%։ Առավելագույն գնաճը՝ 9․6%, դիտվել է 2004թ․ հուլիսին, իսկ ամենախոր գնանկումը՝ -5․5%, 1999թ․ մարտին։
Արթուր Ջավադյանի պաշտոնավարման առաջին 6 տարում (2009-2014թթ) միջինում գնաճի մակարդակը կազմել է 5․1%։ Գնաճի առավելագույն մակարդակը՝ 11․6%, արձանագրվել է 2011թ․ մարտին, իսկ նվազագույն մակարդակը՝ 0․4%, 2014թ․ հուլիսին։
Մարտին Գալստյանի պաշտոնավարման առաջին 6 տարիներին (2020-2025թթ) գնաճը միջինում հաստատվել է 3․8% մակարդակում։ Միևնույն ժամանակ դիտարկվող ժամանակահատվածում գնաճի առավելագույն մակարդակը կազմել է 10․3% (2022թ․ հունիս), իսկ ամենախոր գնանկումը՝ -1․7% (2024թ․ փետրվար)։
Այնուհետև ԿԲ յուրաքանչյուր ղեկավարի առաջին 6 տարվա պաշտոնավարման տարիների կտրվածքով գնաճի վիճակագրական տվյալների հիման վրա հաշվարկվել է ստանդարտ շեղման ցուցանիշը։ Հետագա հաշվարկները ցույց են տվել, որ գնաճի տատանողականության առավելագույն մակարդակը՝ 3․54 (ստանդարտ շեղում), դիտվել է Մարտին Գալստյանի պաշտոնավարման առաջին 6 տարիներին։
Երկրորդ հորիզոնականում է Տիգրան Սարգսյանը՝ 3․37 (ստանդարտ շեղում) արդյունքով։
Գնաճի ամենացածր տատանողականությունը դիտվել է Արթուր Ջավադյանի պաշտոնավարման առաջին 6 տարիներին՝ 2․87 (ստանդարտ շեղում)։ծ
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները
Նախքան եզրահանգումներ անելը, հարկ է նշել, որ ԿԲ բոլոր նախագահների օրոք Հայաստանի արտաքին և ներքին վիճակը բավականին ալեկոծ է եղել։ Մասնավորապես, Տիգրան Սարգսյանի կառավարման առաջին 6 տարիներին սրված էր ՀՀ ներքաղաքական իրավիճակը, որի գագաթնակետը եղավ 1999թ․ ահաբեկչությունը։ ՀՀ ֆինանսաբանկային համակարգը զարգացման անցումային փուլից գնում էր դեպի ավելի կայուն շրջան։
Արթուր Ջավադյանի պաշտոնավարման առաջին 6 ամիսներին աշխարհը, ինչպես նաև Հայաստանը, բախվեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, ինչի արդյունքում ՀՀ տնտեսության զգալի անկում արձանագրվեց։
Եվ, վերջապես, ԿԲ ներկայիս նախագահ Մարտին Գալստյանի պաշտոնավարման առաջին 6 տարիներին ՀՀ ներքին իրավիճակը հարմարվում էր հետհեղափոխական զարգացումներին։ Արտաքին հարաբերությունների վիճակը չափազանց անբարենպաստ էր։ Մասնավորապես, Հայաստանը պայքարում էր Covid19֊ի տնտեսական հետևանքների դեմ, տեղի ունեցան հայ-ադրբեջանական աղետալի պատերազմները։ Բացի այդ՝ Հայաստանը մտել է մեկ այլ բարդ ժամանակահատված, որը ենթադրում է ընտրություն եվրասիական և եվրոպական տնտեսական միջավայրերի միջև։