COP17, «Նաիրիտ» և 2026թ. օրակարգ․ ԱԼԳ ՔՀՖ ՀԱՊ 3-րդ աշխատանքային խմբի նիստը՝ «Էկոլուր» մամուլի ակումբում

COP17, «Նաիրիտ» և 2026թ. օրակարգ․ ԱԼԳ ՔՀՖ ՀԱՊ 3-րդ աշխատանքային խմբի նիստը՝ «Էկոլուր» մամուլի ակումբում

2026թ․ հունվարին «Էկոլուր» մամուլի ակումբում կայացավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի հերթական նիստը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2024-2025թթ․ գործունեության հաշվետվությունը, 2026թ․ գործողությունների ծրագիրը, Երևանում հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) շրջանակում նախատեսվող քայլերը և «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերափոխման ծրագիրը։

3-րդ աշխատանքային խմբի նախկին համակարգող Մարի Չաքրյանը ներկայացրեց 2024-2025թթ. իրականացված աշխատանքները։ Անդրադառնալով խմբի՝ նախորդ 2 տարիների գործունեության հիմնական ուղղություններին՝ Մարի Չաքրյանն առանձնացրեց կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության հարցերը՝ COP գործընթացներին ընդառաջ։

Նա նշեց, որ 2024թ․ սեպտեմբեր-նոյեմբերին անցկացվել են նախապատրաստական քննարկումներ՝ «COP29-ից դեպի COP30» կոնֆերանսի կազմակերպման և անցկացման համար: Կոնֆերանսն անցկացվել է 2024թ. դեկտեմբերիին ՀԱՊ քարտուղարության տրամադրած փոքր դրամաշնորհի միջոցներով՝ ներգրավելով ոչ միայն 3-րդ աշխատանքային խմբի այլև մյուս աշխատանքային խմբերի անդամներին: Կոնֆերանսից հետո որոշվել է շարունակել թեմայի շուրջ քննարկումները՝ «COP29-ից դեպի COP30» գործընթացի մեկնարկ հայտարարելով:

2025թ․ հունիսին «Էկոլուր» մամուլի ակումբում հիբրիդային ձևաչափով կազմակերպվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի COP 17-ի հետ կապված հարցերի քննարկում, որի շրջանակներում նամակ ուղարկվեց COP 17-ի կազմկոմիտեի նախագահին COP 17-ի նախապատրաստական հանդիպման վերաբերյալ։ Ի արձագանք՝ նախարարությունը կազմակերպել է հանդիպում քաղհասարակության ներկայացուցիչների հետ։

Խմբի անդամները մասնակցություն են ունեցել ՀԱՊ նախաձեռնած աշխատաժողովներին և միջոցառումներին։

Ակտիվ քննարկման առարկա են եղել ՄԱԿ-ի Կլիմիայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային առնչվող հարցերը։ Դեռևս 2024թ․ տարեսկզբից խումբը մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմիայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ հանդիպման օրակարգային հարցերի քննարկումը և առաջարկների ձևակերպումը։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, դրական գնահատելով Մարի Չաքրյանի աշխատանքը, շնորհակալություն հայտնեց վերջինիս խմբի գործունեությունը նախորդ 2 տարիներին համակարգելու համար։ Քննարկվեց խմբի նոր համակարգողի թեկնածուների առաջադրման և ընտրությունների կազմակերպման հարցը։

Այնուհետ անդամները նախանշեցին 2026թ. առաջնահերթ ուղղությունները։ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը նշեց․ «Իմ կարծիքով 2026թ․ հրատապ հարցերը երեքն են՝ COP 17-ին ընդառաջ ինչպես ենք աշխատելու, «Նաիրիտի» խնդիրը և դեպի խորհրդարանական ընտրություններ մեր դիրքորոշումը՝ այն հավակնորդների նկատմամբ, որոնք գնում են պատգամավոր դառնալու»։

COP17 և 3-րդ աշխատանքային խմբի գործողությունները

Քննարկման առանցքային թեմաներից էր ՄԱԿ-ի երեք՝ Կլիմայի փոփոխության մասին, Կենսաբազմազանության և Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիաների COP գործընթացների միջև սիներգիայի ձևավորումը և համագործակցության հնարավորությունները։

Արամ Գաբրիելյանը ներկայացրեց, որ Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիայի 8-րդ հոդվածը սահմանում է կապը Կենսաբազմազանության և Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիաների հետ և պահանջում է սիներգիա երեք «Ռիո» կոնվենցիաների միջև։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մշակել միասնական դոկտրին՝ գործընթացների մոտարկման և «էկոլոգիական ամբողջականության» սկզբունքի որդեգրման համար։ «Սիներգիան պետք է ընդգրկի տեխնոլոգիաների զարգացում և փոխանցում, կարողությունների ամրապնդում, համակարգված դիտարկումներ, ինչպես նաև ֆինանսավորման նոր մեխանիզմներ «աղտոտողը վճարում է» սկզբունքի հիման վրա», – ասաց նա։

Ինգա Զարաֆյանն առաջարկեց COP17-ին ընդառաջ կազմակերպել մի շարք միջոցառումներ՝ միջազգային և տեղական մակարդակներում՝ ընդգրկելով նաև համայնքները:

Արամ Գաբրիելյանն էլ հավելեց, որ անհրաժեշտ է գործընթացը ներկայացնել քաղաքացիական հարթությունում․ «Պետք է ցույց տանք, որ քաղաքացիական հասարակությունն է կրում իրավունք և պարտավորություն։ Խնդիրը դուրս բերել քաղաքական դաշտից և բերել քաղաքացիական դաշտ»։

«Նաիրիտ» գործարանի խնդիրը

ՀՀ կառավարությունը հայտարարել է «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերափոխման ծրագրի մասին, որում նշվում է «Նաիրիտ» գործարանի ապամոնտաժման և տարածքի մաքրման մտադրության մասին՝ այն դարձնելով էկոլոգիապես անվտանգ և հետագա կառուցապատման համար պիտանի։ Ծրագրի իրականացման գործընթացում կառավարությանն աջակցում է Համաշխարհային բանկը։ Բանկի կառուցվածքում գործող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցով Հայաստանին տրամադրվել է 1,5 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Այս գումարը նախատեսված է նախնական փուլում իրականացվող նախագծային և գնահատման աշխատանքների համար։ Ինչ վերաբերում է հիմնական ծրագրին, ապա, Համաշխարհային բանկի գնահատմամբ, դրա ընդհանուր արժեքը կարող է կազմել շուրջ 60 միլիոն ԱՄՆ դոլար։

Այս հարցի առնչությամբ Ինգա Զարաֆյանը նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ մոտ 100 հեկտար տարածքում նախատեսվում է իրականացնել հետազոտական աշխատանքներ՝ վիճակի գնահատման և վերականգնման առաջարկների մշակման նպատակով։

Նրա խոսքով՝ 2015թ. իրականացվել է տնտեսական գնահատում, որի արդյունքում արձանագրվել է, որ կաուչուկի արտադրությունը տնտեսապես շահավետ չէ։ Իրականացվել են տարբեր բնապահպանական գնահատումներ, այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումներ։

Նա անդրադարձավ նաև 60 միլիոն դոլար արժեքով ծրագրին՝ նշելով, որ մինչ այժմ գործարանի տարածքի ամբողջական գնահատում չի իրականացվել, և հարցեր են առաջանում, թե ինչպես է որոշվել գումարի չափը։

Արամ Գաբրիելյանն անդրադարձավ բնապահպանական ռիսկերին․ «Գործարանի տարածքում առկա է շուրջ 1200 տոննա լակետինոլ, որի վնասազերծման տարբերակներ են քննարկվում։ 1200 տոննա լակետինոլի այրումը կարող է առաջացնել շուրջ 4000 տոննա CO₂-ի արտանետում»։

Ըստ  Արամ Գաբրիելյանի՝ նախատեսվում է տարածքը մաքրել և հանձնել քաղաքապետարանին, մինչդեռ այն արդյունաբերական նշանակության հող է և պետք է պահպանվի այդ կարգավիճակով։ Նա առաջարկեց դիտարկել տեխնոպարկի ստեղծման հնարավորությունը՝ որպես արդյունաբերական վերակենդանացման հիմք։

Քննարկման ընթացքում նշվեց, որ գործընթացն ունի քաղաքական բաղադրիչ և առաջարկ հնչեց կենտրոնանալ փաստաթղթերի մոնիթորինգի վրա։ «Պետք է ստեղծենք այս ամբողջ ընթացքի ուսումնասիրության միջավայր և ներգրավենք իրական շահառուներին՝ բնակիչներին»,- ասաց Արամ Գաբրիելյանը։

Նիստի ընթացքում արձանագրվեց, որ 3-րդ աշխատանքային խումբը կարող է շարունակել գործընթացի մոնիթորինգը և հանրայանցնել համապատասխան տեղեկատվությունը։

Մարտ 06, 2026 at 10:41

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *