«Ընտրության արդյունքների կանխատեսում. ի՞նչ կարելի է փոխել մինչև հունիսի 7-ը». Գեղամ Օհանյան

«Ընտրության արդյունքների կանխատեսում. ի՞նչ կարելի է փոխել մինչև հունիսի 7-ը». Գեղամ Օհանյան

Ակտիվիստ, «Խարույկ» ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԽՈՍՏԱՑՎԱԾ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
     (Ընտրության արդյունքների կանխատեսում և ի՞նչ կարելի է փոխել մինչև հունիսի 7-ը)
     Սա խոստացված կանխատեսումն է հենված իմ և ընկերներիս բազմակողմանի վերլուծության վրա։ Այն բավական երկար է, որովհետև անդրադառնալու եմ բոլոր 18 ուժերին։ Այո՝ 19-ից մեկն արդեն ինքնաբացարկ է հայտարարել։
     Առանց շտապելու և առանց էմոցիաների ծանոթացեք ողջ վերլուծությանը, մնացածը՝ վերջում․․․
     Ուրեմն, եկեք չշարժվենք ըստ ցուցակի, այն մի քիչ դժվարընկալելի կլինի։ Եկեք շարժվենք ենթադրյալ փոքրերից ու կամաց բարձրանանք մեծ թվերին։ Փոքրերի վերլուծությունը կարդալը գերկարևոր է, երևի ավելի կարևոր քան մեծերը։ Որովհետև այստեղ է թաքնված վաղվա խորհրդարանի հավասարակշռությունը՝ բալանսը․․․
     Որպեսզի պատկերացնեք՝ 1%-ը 2021 թվականին կազմված է եղել մոտ 12800 մարդու քվեից։ Մեր գնահատմամբ այս ընտրություններին կհատենք 13000-ը, գուցե հասնենք 13500-ի, եթե նախորդ 49%-ի փոխարեն ընտրությանը մասնակցի գոնե 54%-ը։ Սա օգտակար է գործընթացի առողջացմանը, դրա համար մենք խրախուսում ենք մասնակցությունը։
     Թեկնածուներին դասակարգել եմ 3 բաժիններով՝
     1․ Նրանք ովքեր հաստատ չեն հաղթահարելու,
     2․ Նրանք, ովքեր կարող են հաղթահարել,
     3․ Նրանք, ովքեր հաստատ հաղթահարում են։
     1️⃣ Այսպիսով սկսենք այն ուժերից, որոնք մեր գնահատմամբ չեն գերազանցելու 2%-ը, ուր մնաց հաղթահարեն անցողիկ 4%-ը։
     🔴Համար 9՝ ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (0,1-1%)
     Այս կուսակցության մասին շատ բան չգիտեմ, բայց խորհուրդ եմ տալիս դիտել դերասան Լևոն Հարությունյանի տեսաուղերձը իրենց մասին։ Իրենց քարոզարշավի հրապարկումները, դիտումների քանակը, արձագանքները հաշվի առնելով՝ բացառում եմ, որ կհաղթահարեն անցողիկ շեմը։
     🔴Համար 1՝ ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (0,1-1%)
     Այս կուսակցությունը գլխավորում է գեներալ Վաղարշակ Հարությունյանը։ 2020 թվականի պատերազմի ժամանակ եղել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը։ Պատերազմից անմիջապես հետո նշանակվել է պաշտպանության նախարար։ 2021-24 թվականներին եղել է Հայաստանի դեսպանը Ռուսաստանում։ Իրենց քարոզարշավի հրապարկումները, դիտումների քանակը, արձագանքները հաշվի առնելով՝ բացառում եմ, որ կհաղթահարեն անցողիկ շեմը։
     🔴Համար 12՝ ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (0,1-1%)
     Կուսակցությունը գլխավորում է Լևոն Շիրինյանը։ Ընդամենը տեղեկացնեմ, որ 2021 թվականին այս մարդը միասնական է հանդես եկել Արման Բաբաջանյանի ուժի հետ և միասին հավաքել են 1,5%: Երևի մտածել է, որ ամբողջ խնդիրը Բաբաջանյանն է, հիմա հանդես է գալիս առանձին։ Բացառվում է, որ անցողիկ շեմը հաղթահարեն։
     🔴Համար 19՝ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (0,5-1%)
     Կուսակցությունը գլխավորում է Էդմոն Մարուքյանը: Այս ուժը 2021 թվականին հավաքել է 1,22% ձայն։ Չանցնելով ԱԺ՝ համագործակցել Է Նիկոլ Փաշինյանի հետ և 2022 թվականին նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Ավելի ուշ հեռացվել է պաշտոնից և մինչ օրս ծավալում է ընդդիմադիր գործունեություն։ Թիմը փոքրացել է, խոսույթը գրեթե նույնն է։ Մեր ուսումնասիրություններով նրա վարկանիշը նվազել է։
     🔴Համար 10՝ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (0.5-1%)
     Այս ուժը գլխավորում է Լևոն Զուրաբյանը։ Ընդամենը ասենք, որ այս ուժը իրենց հիմնադրի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ 2021 թվականին հավաքել էր 1,54%: Այս անգամ կուսակցությունը հանդես է գալիս ավելի համեստ կազմով և ներդրմամբ։ Ինչը խոսում է ավելի քիչ ձայն հավաքելու մասին։ ՀԱԿ-ը այն քիչ ուժերից է, որ կուզեի իրենց փորձառությամբ հայտնվեին ԱԺ-ում, բայց բացառում եմ, որ կկարողանան հաղթահարել։
     🔴Համար 18՝ «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (0,5-1,5%)
     Կուսակցությունը գլխավորում է Արման Բաբաջանյանը, որը Լևոն Շիրինյանի հետ 2021 թվականին հավաքել է 1,5% ձայն։ Երևի մտածել է, որ խնդիրը Շիրինյանն է և գտել է նոր համախոհներ։ Քանի որ թիմում կան որոշակի լսարան ունեցող մարդիկ և կա որոշակի լրատվական ռեսուրս՝ մի փոքր ավելին ենք գնահատում հավաքվող ձայները քան Շիրինյանի մոտ, բայց կրկին բացառում ենք, որ կհաղթահարի անցողիկ շեմը։ Հիմնական խոսույթը հակառուսականությունն է։
     🔴Համար 8՝ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (0.5-1.5%)
     Ուժը գլխավորում է Գևորգ Կարապետյանը։ Բևեռը 2021-ին հավաքել է 1,5% ձայն։ Այս անգամ ուժը հանդես է եկել իր երիտասարդներով, չնայած իրենց կուսակցության ավագ սերունդը՝ հրետանին, նույն ջանասիրությամբ մասնակցում է քարոզարշավին, ինչը շատ գեղեցիկ է։ Բևեռի մարդկային և գաղափարական պոտենցյալը շատ ավելին է, քան իր հավաքած տոկոսները։ Ենթադրաբար ժողովրդի մեծ մասը իր գլխի մեջ արգելափակել է իրենց դեռ 2016-ի ՊՊԾ գնդի դեպքերից հետո։ Նաև շատ բացասական ազդեցություն է թողնում ուժի վրա իրենց շատ հետևորդների կոպիտ մոտեցումն այլ ուժերի և անհատների նկատմամբ։ Դրականն այն է, որ իրենց հետևորդները բավական հավատարիմ են իրենց։ Կցանկանայի Բևեռը տեսնել ԱԺ-ում, բայց նախորդ ընտրությունների համեմատ ավելի թույլ եմ գնահատում իրենց պոտենցյալը։
     🔴Համար 14՝ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (0.5-1.5%)
     Կուսակցությունը գլխավորում է Սուրեն Պետրոսյանը։ Այս ուժը նախկինում մասնակցել է 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններին, որտեղ հավաքել է մոտ 2500 ձայն, այսինքն Երևանում իրենց ունեցած վստահությունը 2023 թվականի դրությամբ եղել է մոտ 0,2%։ Պետրոսյանը հայտնի է նաև «Սրբազան պայքար»-ից, ով կեսից լքեց շարժումը՝ հիմնավորելով, որ կարևոր որոշումները կայացվում էին առանց իրեն։ Մեկ անգամ զրուցել եմ խորհրդարանի դիմաց իր կազմակերպած ակցիայի ժամանակ, տպավորված չեմ մնացել, ավելի բան չեմ ասի։
     🔴Համար 15՝ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (1-2%)
     Կուսակցությունը գլխավորում է Վարդան Ղուկասյանը՝ հայտնի Դոգը ում կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ընտրություններին անձամբ մասնակցել։ Այս ուժը նախկինում մասնակցել է 2023 թվականի Երևանի քաղաքապետարանի ընտրություններին, որտեղ հավաքել է տպավորիչ ձայներ՝ 22500 ձայն։ Այսինքն, միայն Երևանում այս ուժը ուներ 1,75% ձայն։ Մեր գնահատմամբ մարզերում նրանց հետևորդները ավելի շատ են։ Իսկ ի՞նչ վիճակ է հիմա։ Փա՛ստ է, որ այս կուսակցությունը հենված է մեկ մարդու վրա։ Եվ այդ մարդը այս պահին զրկված է իր հիմնական գործիքից՝ ամենօրյա ուղիղ եթերներից։ Նա կալանավորված է ԱՄՆ-ում։ Մեր գնահատմամբ` այս ուժը այս պահին չունի պոտենցյալ` հատելու անցողիկ շեմը։
     🔴Համար 11՝ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (1-2%)
     Ուժը գլխավորում է Արամ Սարգսյանը։ 2021 թվականին հավաքել են 3,03% ձայն։ Ուժը անթաքույց սատարում է Նիկոլ Փաշինյանին, և դա մեկ անգամ չէ, որ դրսևորվել է քաղաքական գործընթացների ժամանակ։ Ենթադրաբար, հենց դա էլ նպաստել է, որ ուժը կորցնի իր որոշակի հմայքը և կորցնի իր ունեցած էլեկտորատի զգալի մասը։ Մեր գնահատմամբ իրենց ընտրողների մի մասը իր ձայնը ուղղելու է այլ հակառուսական դիրքավորվող ուժերի, մի մասը ուղիղ ՔՊ-ին և իրենք կարժես թե առանձնապես դեմ չեն, որովհետև նախորդ քարոզարշավի ջանքը չեն դնում անցնելու համար․․․
     ——————————————————————————
     Այս գծից վերև մեր գնահատմամբ ոչ ոք չի հատելու անցողիկ 4%-ի շեմը, անկախ նրանից ես դա ուզում եմ, թե ոչ։ Հասկանում եմ, որ այս գրառումը ևս վնասում է իրենց, բայց իրատես պետք է լինենք։ Եթե իրենք արել են իրենց քաղաքական քայլը՝ հաշվի չառնելով բազմաթիվ վիճակագրություններ, մենք էլ անում ենք մեր քաղաքական քայլը՝ հարգելով իրենցից շատերին։
     Խորհուրդ այն մարդկանց, ովքեր ամեն դեպքում ուզում են ընտրել իրենց, հաշվի՛ առեք, որ ձեր ձայնը կարող էր որոշիչ լինել, որևէ այլ ուժի խորհրդարան անցնելու համար։
     2️⃣ Հիմա նրանց մասին, ովքեր ունեն ՇԱՆՍ անցնելու։ Կրկին կգնանք ըստ տոկոսների աճի․․․
     🟡Համար 2՝ «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (1-4%)
     Սա միակ ցուցակն է, որի առաջին համարը էական չէ, թե ով է, որովհետև իրենք գալիս են հստակ ծրագրով և գալիս են նոր ընտրություններ կազմակերպելու արդեն այլ պայմաններով, որտեղ անցողիկ շեմը 4%-ից իջնելու է 1%-ի։ Այսինքն իրենք ուզում են ընտրվել, գալ կառավարության և խոստանում են 100 օրում կատարել օրենքի փոփոխություններ ու անմիջապես հրաժարական տալ և կազմակերպել նոր ընտրություններ, որտեղ ԱԺ կարող են անցնել անգամ 1% հավաքած ուժերը։
     Այստեղ ունեմ թվով ամենաշատ ընկերները և մտերիմները, այդ թվում` մարտական։ Մեծամասնությունը ազգանվեր մարդիկ են, շատերին էլ չեմ ճանաչում։ Հատկանշական է, որ ԲԴՄ-ին միացել են նաև ՆԺԱՐ-ը և ՀԻՄՆԱԴԻՐ ԶԱՎԱԿՆԵՐ կուսակցությունը։ Անկանխատեսելի է, թե այս ուժը որքան ձայն կհավաքի, որովհետև զարմանալիորեն մերժման փիլիսոփայություն է վերցրել և ստիպված իր էներգիայի մի մասը վատնում է արդարանալու, որ բոլորին չի՛, որ դեմ են, այլ միայն հներին ու նորերին են դեմ։ Հավանաբար, եթե իրենց ուժի անունը կարգեին ՔԱՋ ՆԱԶԱՐ, հավանականությունը, որ կանցնեին, ավելի մեծ կլիներ, սա` առանց հեգնանքի։ Ուժը, անցնելու դեպքում եթե չկարողանա համախմբել ընդդիմությանը իր ծրագրի շուրջ, մանդատները վայր են դնելու և դուրս գան ԱԺ-ից, որը հիմնականում ձեռնտու է լինելու ՔՊ-ին, ինչը վտանգավոր է։ Ամեն դեպքում, եթե նայում ենք իրենց կրեատիվ քարոզարշավին և հետաքրքրություն առաջացնող շրջանակներին, մեծ թվեր չեն երևում։ Գնահատում ենք, որ ունեն որոշակի հնարավորություն հաղթահարելու անցողիկ շեմը։ Խաղադրույքը այստեղ հիմնականում այն մարդկանց վրա է, ովքեր չեն գնում ընտրության ու մերժում են բոլորին։ Զարմանալի է, որ պաշտոնական և շատ անդամների էջերով չեն տարածել «Բարձունք»-ի հրապարակած սոցիալական հոլովակը, որը խրախուսում է պարտադիր մասնակցել ընտրությանը։
     🟡Համար 4՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (2-4%)
     Ուժը գլխավորում է Գուրգեն Սիմոնյանը։ Որքան էլ, որ փիլիսոփայությունը շնորհապետական է, այսինքն արժանիներին խրախուսող, ամեն դեպքում կուսակցությանը հեռվից նայելիս տեսնում ես մեկ մարդու, որի շուրջ էլ հավաքվել են մնացածը։ Ընդհանրապես նման կուսակցությունները ստեղծվում են հիմքից, ներկուսակցական թեժ պայքարով, բայց այստեղ առաջնորդը կանխորոշված է եղել։
     Իրենց ներկայացուցչի հետ հանդիպել եմ, բավական անկեղծ զրույց ենք ունեցել: Գնահատելի է նաև Սիմոնյանի ճարտարախոսությունը և գրագիտությունը, որը և իրենց հիմնական գրավականն է։ Հավատացել եմ, որ անցնելու դեպքում օլիգարխիկ ուժերի հետ չեն գնա համագործակցության, ինչը ընդհանուր առմամբ ձեռնտու է օրվա իշխանությանը։ Իր էլեկտորատին է գումարվելու, հավանաբար, որոշակի զանգված Արամ Սարգսյանի, Սանասարյան Դավիթի ̀,ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ̀. կուսակցության, Նորայր Նորիկյանի «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության և ՔՊ 2021 թվականի ընտրողներից, բայց կանցնեն թե ոչ, կախված է իրենց առաջիկա 8 օրվա աշխատանքից։ Այս պահին կասկածելի է․․․
     🟡Համար 6՝ «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (2-5%)
     Ուժը գլխավորում է Արման Թաթոյանը։ Ուժին միացել է ՇԱՆԹ ԴԱՇԻՆՔ կուսակցությունը, որտեղ ունեմ մարտական ընկեր։ Տարօրինակ է, որ ուժը դադարեց իր համագործակցությունը ՀԱՅԱՔՎԵ-ի հետ, որը ավելի ուշ միացավ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ։
     Թաթոյան Արմանի հետ ծանոթ եմ։ Գրագետ է և հմուտ իրավունքի դաշտում, իրենց ուժը ԱԺ-ում կցանկանայի տեսնել։ Բայց ուժի քարոզչական մեքենան ունեցած ռեսուրսը օգտագործում է շատ սխալ և շեշտադրումը կատարվում է առաջին դեմքի անձի վրա, մինչդեռ թիմը կարծես թե ունի որոշակի պոտենցյալ արտահայտվելու, կարծում եմ այս ձեռագիրն էլ խանգարում է, որ թիմը ավելի մեծանա։
     Բավական մեծ ֆինանսական ներդրումներ է ունեցել կուսակցությունը, լավ կլինի, որ ամբողջը թափանցիկորեն մատուցեն, խուսափելու համար դաշտում հայտնված բամբասանքներից, բայց սա ևս չպետք է արվի առաջին դեմքով։ Կարևոր է, որ բացառում են համագործակցությունը ՔՊ-ի հետ։
     Կանցնեն ԱԺ, թե ոչ մեծապես կախված է իրենց առաջիկա 8 օրվա աշխատանքից։
     🟡Համար 5՝ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (2-5%)
     Ուժը գլխավորում է Հայկ Մարությանը։ Մարությանի ուժը 2023 թվականին հավաքեց մոտ 44000 ձայն, այսինքն միայն Երևանում այն կազմում է մոտ 3,5% ձայն։ Բայց չարժի խաբվել այս թվին, որովհետև այս զանգվածի մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր ձայն կտան այլ փոքր ուժերի։ Շատ կարևոր է հասկանալ, թե որքան պոտենցյալ ունի ուժը Երևանից դուրս։ Հավանաբար, շատ ավելի քիչ, բայց ընդամենը 1-1,5%-ը մարզերում կբավականացնի, որ նրանք հայտնվեն խորհրդարանում։ Այս ուժը կուզեմ տեսնել ԱԺ-ում, այնտեղ կրկին ունեմ ընկերներ։
     Իրենց թույլ կողմերը՝ կրկին մեկ մարդու շուրջ հավաքված կուսակցություն է և քարոզարշավը հենված է օնլայն տիրույթի և Հայկի դերասանական կարողությունների վրա, որը միանշանակ չէ, որ դրական է։ Կարծում եմ` ուժը ունի պոտենցյալ անգամ հանրահավաք անելու, զարմանալի է, թե ինչո՞ւ չի օգտագործում իր երևանյան ռեսուրսը։
     Ինձ համար կարևոր է, որ ՔՊ-ի հետ բացառում են կոալիցիան և ապացուցել են, որ ավելի հավատարիմ են 2018 թ-ի հեղափոխության արժեքներին։
     🟡Համար 7՝ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (3-7%)
     Ուժը, պարզ է, գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։ Կուսակցությունը, հավանաբար, անցնելու է խորհրդարան։ 2021-ին հավաքել են 3,95%, իմ գնահատմամբ ոչ ամբողջական ջանքով։ Հիմա ավելի ներդրված են քարոզարշավի մեջ։ Գումարած Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուսի արձանը, որը ուրախացրել է լեռան հարակից բնակավայրերի ժողովրդին և զբոսաշրջության տարբեր ներկայացուցիչների։ Սա չնչին տոկոս ձայների հավելումներ կբերի իրենց, որն էլ հենց անհրաժեշտ է, որ անցնեն։ Հավանական է նաև, որ կհավաքեն շատ ավելին քան 4%-ը։ Շատ ավելի քիչ հավանական է, որ չեն հաղթահարի շեմը։
     🟡Համար 17՝ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ (7-12%)
     Դաշինքը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը։ Հատկանշական է, որ դաշինքի անհրաժեշտ մինիմումը ոչ թե 4 այլ 8%-ն է։ Այսինքն իրենք համոզված են եղել, որ 8%-ը անպայման կհատեն ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ հետ միասին։ Ենթադրությունը, հավանաբար, մեծապես հենված է 2021 թվականին հավաքած 21%-ի վրա։ Բայց այստեղ այս զանգվածը գալիս է կիսելու ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ կուսակցությունը, որը գերակշիռ մասով հենված է նույն էլեկտորատի վրա։
     Քոչարյանի ուժը նաև ոչ տպավորիչ է գործել ԱԺ 5 տարիների ընթացքում, պարբերաբար հիասթափեցնելով ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հանրությանը։
     2026 թվականին ձևավորվող նոր ԱԺ ընդդիմությանը մեծ հարված կլինի, եթե այս ուժը չկարողանա հաղթահարել 8%-ի շեմը։ Օրինակ 7-7,5% հավաքելու և չանցնելու դեպքում կփոշիացվի մոտ 100,000 մարդու ձայն։ Ինչը մեծ հարված կլինի ԱԺ բալանսին և մեծ օգտակարություն ՔՊ-ին։
     Այս ուժը միակն է անցնողներից, ով հստակ բարձրաձայնում է ռուսական կողմնորոշման մասին։ Ոչ ուղիղ, բայց հասկանալի ձևով ասել են, որ պատրաստ են իրենց ձայնը ԱԺ-ում տալ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ։
     3️⃣ Եվ վերջապես այն ուժերը, որոնք համոզված կերպով հաղթահարելու են անցողիկ շեմը։
     🟢Համար 3՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (20-25%)
     2026 թվականի ընդդիմության ֆավորիտ ուժը, որին միացել են բազմաթիվ փոքր ուժեր ու անհատներ։ Ուժը հիմնականում դիրքավորվում է տնտեսական առավելության վրա, որը իրենց ծանրակշիռ զենքն է։ Դիրքավորվում են նաև ազգային-պահպանողական գաղափարներով, եկեղեցին կրկին անթաքույց աջակցում է այս ուժին, ինչը վկայում էր կաթողիկոսի այցը Սամվել Կարապետյանի առանձնատուն։ Մեր այս տոկոսային գնահատականը բավական պայմանական է, որովհետև քարոզարշավը դեռ ունի 8 օր ժամանակ։ Անգամ այստեղ ունեմ մարտական ընկեր։
     Թույլ կողմերը՝ անիմաստ հակադրում Փաշինյանի հետ, դրանից իրենց գրեթե օգտակարություն չկա, անիմաստ իջեցնում են իրենց ստարտային վարկանիշը։ Անիմաստ վախի մթնոլորտ ստեղծելը, որը ասոցացվում է բացասականության հետ։ Վախի ու խուճապի մթնոլորտ ստեղծելով պետք չի մրցել Փաշինյանի հետ, նա այդտեղ անպարտելի է։
     Նկատելի է, որ անսահման շատ ռեսուրս է դրված քարոզարշավի վրա, ինչը ամեն դեպքում իր արդյունքը տալու է և համոզված կերպով գլխավորելու են ընդդիմությունը։
     Շատ էական է, իրենց դիրքավորումը Ռուսաստանի նկատմամբ, որը բավական չափավոր և հավասարակշռված է, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ուժի դիրքավորման։ Բնական է իրենց կախվածությունը ռուսական ուժից, բայց այստեղ կարևոր են նաև իրենց մոտեցումները և հմտությունները։ Բիզնեսի մարդը ավելի ունակ է ու ճարպիկ համագործակցելու մեկից ավել ուժերի հետ քան այլ մասնագիտությունների մարդիկ։
     🟢Համար 16՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (38-43%)
     Ընտրությունների ֆավորիտը բնականաբար պետական ռեսուրսների տիրապետողն է, քանի մեր հասարակության կրթական մակարդակը չի բարձրացել այնքան, որ մարդիկ լինեն ինքնուրույն։
     Խոսում եմ գյուղերից մեկի էրեխեքի հետ, հարցնում եմ ինքնակամ էիք դուրս եկել դիմավորելու Փաշինյանին։ Ասում է դե ուսուցիչը ասեց ամեն դեպքում վարչապետն է գալիս, ամոթ է չդիմավորենք։ Սա ուղղակի մի դրվագ, թե ինչպես է պետական ռեսուրսը աներևույթ շահարկվում։
     Միանշանակ է, որ ՔՊ ռեյտինգը նվազել է 2021 թվականի համեմատ։ Ձեզ մի բանաձև ասեմ, ինքներդ կարող եք ստուգել։ Յուրաքանչյուրիս շրջապատում կան մարդիկ, որ 2021-ին ՔՊ են քվեարկել, բայց հիմա չեն պատրաստվում, բայց փոխարենը խոշորացույցով կգտնեք մարդկանց, որ 2021-ին իրենց չեն քվեարկել, բայց հիմա պատրաստվում են քվեարկել։
     Մեր գնահատականներն այսպիսինն է նաև հաշվի առնելով վերջին տարիների Վաղարշապատի, Գյումրիի, Երևանի ընտրության արդյուննքերը։
     Ամեն դեպքում ժողովուրդը բնազդորեն զգում է, որ իրեն ընտրություններից առաջ ԱՌՆՈՒՄ են թոշակով և թվացյալ խաղաղությամբ։ Եվ ամեն դեպքում 2021-ին իրեն ընտրողների մեջ արժանապատիվ մարդիկ քիչ չեն եղել, ովքեր հավատացել են Շուշիի, Հադուրթի վերադարձին և վերջում խաբվել։
     __________________________________________________________________
     Իսկ հիմա եկեք հասկանանք, թե ի՞նչ է մեզ անհրաժեշտ և ինչ խոշոր խաբեություններ կան դաշտում՝
     ✅Առաջին խոշոր խաբեությունը այն է, որ յուրաքանչյուր ուժի առաջնորդ դիրքավորվում է` որպես պոտենցյալ վարչապետի թեկնածու և մարդիկ մեխանիկաբար սկսում են իր հարմարությունը նայել այդ ֆոնին։ Ամեն օր լսում ենք, դե սրանից ինչ վարչապետ, այն մեկից ինչ վարչապետ, մինչդեռ այդ մարդկանց 80%-ը առավելագույնը հանդես է գալու ԱԺ-ում, որպես իր խմբակցության ղեկավար, տնավարի ասած իր մի խումբ պատգամավորների ղեկավար։ Երբ այս դիտանկյունից ենք նայում թեկնածուներին, մեր հակակրանքը թուլանում է, և միանում է տրամաբանությունը, հասկանում ենք, որ արժի ունենալ, օրինակ, այսպիսի ընդդիմադիր պատգամավորներ։
     Բայց սա կարող են անել միայն այնպիսի մարդիկ, ովքեր օրինակ կարողանում են ընթերցել նման լայնածավալ ոչ մատչելի տեքստեր և հասնել այս տողերին։ ))
     ✅Մարդկանց մոտ կա պատկերացում, որ իրենց ցանկալի ուժի մեծամասնությունը լավ է։ Մինչդեռ դա լավ է միայն իրենց համար։ Իսկ պետության համար լավ է բալանսավորված վիճակը, հատկապես Ազգային Ժողովում։
     Եթե Ազգային Ժողովում որևէ մեկը չունենա 40+ տոկոս ձայն, ապա այս պարագայում ում էլ ընտրեն ու պատվիրակեն կառավարություն վարչապետ աշխատելու, երկիրը ավելի վերահսկելի վիճակում կգտնվի, քան հիմա է, երբ բոլոր լծակները մեկի ձեռքում են։
     Բալանսավորված ԱԺ-ի պայմաններում աշխատող վարչապետը միշտ գիտի, որ իրեն կարող են ետ կանչել իր սանձարձակության համար։ Բացի դրանից ցանկացած միջազգային պայմանագիր պետք է վավերացվի ԱԺ-ում, ինչը կրկին լավ է, ինքնագլուխ չեն կարող երկիրը տանել որևէ ուղղությամբ։ Այստեղ առողջ փոքր ուժերը գերկարևոր նշանակություն ունեն։ Իսկ այդ փոքրերին անցկացնողները մենք ենք, ընտրելուց առաջ երկար մտածող մադիկ․․․
     ❗️Գիտեմ որ գրառումը բազմաթիվ ուժերի հետևորդների դուր չի գալու, որովհետև իրենց սրտով չի։ Ասեմ, որ իմ սրտով էլ չեն շատ թվեր, բայց օբյեկտիվության սահմաններից դուրս գալ չենք կարող։ Սա մեր հաշվարկներն են այն բազմաթիվ մանիպուլյատիվ թվերի փոխարեն, որոնք տարբեր ուժեր վիճակագրության անվան տակ կերակրում են հանրությանը։
     Հ․Գ․
     Եթե հասաք այս տողերին, ապա խնդրում եմ նաև ձեր ներդրումը ունենալ տարածման գործում։ Սա մտածող մարդկանց հասցնելը էլի մեր բոլորիս ուժերով է հնարավոր։
     Աստված սեր ու համերաշխություն տա իրար չհանդուրժող մեր ազգին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *