Anthropic ընկերության համահիմնադիր և միլիարդատեր Քրիս Օլան Վատիկանում հայտարարել է, որ արհեստական բանականության պատճառով աշխատատեղերի զանգվածային կորուստը «լիովին իրական հնարավորություն» է, իսկ աշխատանքից զրկված մարդկանց աջակցելը կդառնա «պատմական մասշտաբի բարոյական հրամայական»։ Հայտարարությունը հնչել է Կաթոլիկ եկեղեցու՝ ԱԲ-ին նվիրված առաջին խոշոր ուղերձի ներկայացման ժամանակ, որին մասնակցել է նաև Հռոմի Պապ Լևոն XIV-ը, հայտնում է Forbes-ը։
Օլան, որը ղեկավարում է Anthropic-ում հետազոտական ուղղությունը՝ լինելով Claude չաթ-բոտի մշակողի և աշխարհի ամենաթանկ ԱԲ ստարտափներից մեկի ներկայացուցիչը, ընդունել է, որ արհեստական բանականության բոլոր առաջատար լաբորատորիաները, ներառյալ իր սեփականը, աշխատում են առևտրային շահերի, աշխարհաքաղաքականության և անձնական ամբիցիաների ճնշման տակ, որոնք «երբեմն հակասում են ճիշտ որոշումներին»։
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով կրոնական առաջնորդների, կառավարությունների և քաղաքացիական հասարակության վերահսկողությունը կենսական անհրաժեշտություն է, քանի որ ԱԲ-ի զարգացման վերաբերյալ որոշումները «չպետք է մնան բացառապես հենց ինդուստրիայի ձեռքերում»։
Օլան նաև նշել է, որ ԱԲ-ի մշակումը այսօր կենտրոնացած է «մի քանի հարուստ պետությունների ձեռքերում», մինչդեռ գոյություն չունի այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտար տեխնոլոգիայի օգուտները արդարացիորեն բաշխել ավելի աղքատ երկրների միջև։ Նա սա անվանել է ավտոմատացման և աշխատատեղերի կորստի խնդրի ավելի քիչ քննարկվող, բայց անհամեմատ ավելի բարդ կողմը։
Առանձին կերպով ձեռնարկատերը կոչ է արել Կաթոլիկ եկեղեցուն իր «բարոյական երևակայությունը» միացնել մարդկային բարեկեցության հարցերի քննարկմանը, որոնք «չի կարող լուծել ոչ մի տեխնոլոգիական լաբորատորիա»։
Հետազոտողը նաև պատմել է interpretability-ի՝ նեյրոցանցերի աշխատանքի ներքին գործընթացներն ուսումնասիրող գիտության ոլորտում անհանգստացնող բացահայտումների մասին։ Օլայի խոսքով՝ գիտնականները շարունակում են բախվել երևույթների, որոնք թվում են «խորհրդավոր և նույնիսկ վախեցնող»։ Մասնավորապես, որոշ համակարգեր ցուցադրում են ներքին ինքնավերլուծության նշաններ և վիճակներ, որոնք «ֆունկցիոնալ առումով հիշեցնում են ուրախություն, բավարարվածություն, վախ, վիշտ և տագնապ»։
«Սրանք այն սառը հաշվարկող ռոբոտները չեն, որոնք մեզ խոստացել էին։ Դրանք ստեղծված են հենց մեզնից, մեր բառերից», — հայտարարել է Օլան՝ ընդգծելով, որ ժամանակակից ԱԲ համակարգերն ավելի շուտ «աճեցվում են» մարդկային խոսքի և մտածողության հսկայական զանգվածի վրա, քան նախագծվում են ինքնաթիռների կամ կամուրջների պես։
Forbes-ի գնահատմամբ՝ Քրիս Օլայի կարողությունը կազմում է շուրջ 7 միլիարդ դոլար՝ շնորհիվ Anthropic-ում իր բաժնեմասի, որի արժեքը վերջերս գնահատվել էր 380 միլիարդ դոլար։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ընկերությունն արդեն քննարկում է նոր գնահատական՝ մոտ 900 միլիարդ դոլարի չափով։
Հռոմի Պապ Լևոն XIV-ը, որը դարձել է ԱՄՆ-ում ծնված առաջին պոնտիֆիկոսը, արհեստական բանականության թեման դարձրել է իր պոնտիֆիկատի առանցքային ուղղություններից մեկը։ Այս շաբաթ նա ներկայացրել է Magnifica Humanitas («Մարդկության վեհությունը») հանրագիրը՝ 235 էջանոց պաշտոնական պապական փաստաթուղթ, որը նվիրված է աշխատանքի, կրթության, պատերազմների, անձնական կյանքի և մարդկային արժանապատվության վրա ԱԲ-ի ազդեցությանը։
Փաստաթղթում առանձին նախազգուշացում կա արհեստական բանականության համակարգերին «մահաբեր որոշումներ» փոխանցելու անթույլատրելիության մասին։
Հատկանշական է, որ Պապը անձամբ է ներկայացրել հանրագիրը մամուլի ասուլիսում, մինչդեռ սովորաբար նման միջոցառումներն անցկացնում են կարդինալները։ Շատ դիտորդներ Քրիս Օլային պոնտիֆիկոսի հետ միասին ելույթ ունենալու հրավերը գնահատել են որպես ապագայի տեխնոլոգիաները ստեղծող մարդկանց հետ Վատիկանի անմիջական փոխգործակցության փորձ։
Այս իրադարձության ֆոնին հայտնի է դարձել, որ Anthropic-ը հակամարտության մեջ է Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ ամերիկացի զինվորականներին պաշտպանական և ռազմական նպատակներով իր ԱԲ համակարգերին անսահմանափակ հասանելիություն տրամադրելուց հրաժարվելու պատճառով։ Ավելի վաղ Պենտագոնը նույնիսկ ընկերությունն անվանել էր «ազգային անվտանգության ռիսկ», իսկ Սպիտակ տունը բազմիցս քննադատել էր Anthropic-ին՝ այն կոչելով «արմատապես ձախ woke-ընկերություն»։