
Զորահանդես չեղավ, մեկ էշի հարսանիք եղավ՝ կասեր Խաչատուր Աբովյանը: Դե իսկ մենք, որ այդքան վառ երեւակայություն չունենք, օգտագործում ենք «խայտառակություն» բառը՝ բնութագրելու այն վիճակը, որ Նիկոլը ստեղծել է Երեւանում: Սկսեմ այս զորահանդեսի զոհերից: Մահվան քանի՞ դեպք է արձանագրվել Երեւանում մայիսի 26-ին, եւ դրանցից քանիսն են տեղի ունեցել շտապօգնության ուշանալու պատճառով: Կա՞ վիճակագրություն: Բնականաբար, չկա: Ես Ավանից մինչեւ քաղաքի կենտրոն առնվազն 20 շտապօգնության ավտոմեքենա եմ տեսել՝ խցանման մեջ կանգնած: Եվ ո՞ւմ տանձին էր, որ այդ պահին Վաղո հոպարի կույրաղիքի նոպան էր բռնել, կամ Վարդուշ տատի ճնշումն էր բարձրացել: Մեռան խեղճերը՝ այդպես էլ շտապօգնության երեսը չտեսած: Անահիտ Ավանեսյան, խնդրում եմ ճշտել մայիսի 26-ի վիճակագրությունը, ներառյալ նաեւ խցանումների մեջ վատացածների թիվը:
Ոստիկանության աշխատանքի մասին ընդհանրապես կլռեմ: Տպավորություն էր ստեղծվել, որ սրանք ոչ թե նախապես որոշված փողոցներն են փակել, այլ բոլորը՝ ով որ փողոցը հասցրել, այդ փողոցն էլ փակել էր: Ուզում էի մի անցք գտնել, որ դուրս գայի համընդհանուր այդ սոդոմ-գոմորից՝ ապարդյուն: Սերժանտ Սըքեն փակել է փողոցը, չի թողնում: Այ տղա, ես ուզում եմ շրջվել ու հետ գնալ Ավան: Չէ, փակ ա… Ես բալերից գլուխ չեմ հանում, բայց իմացողներն ասում էին, որ մայրաքաղաքի կենտրոնում ու հարակից փողոցներում 10 բալանոց խցանում է եղել ժամեր շարունակ: Ոստիկաններն ու պիցցա բաժանող հնդիկներն անգամ չեն կարողացել տեղաշարժվել:
Լավ, ինչի՞ համար է այս ամենը՝ մտածում եմ: Մենք, ախր, հաղթանակի օր էլ չունենք, որ ասեմ՝ նշում ենք: Ամեն ինչ մունդռեց՝ մեր հաղթանակներից մինչեւ հաղթանակած բանակ: Ու էն բանակը, որի շարքերում 12 հազար դասալիք կար (Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան, հուշեր), որ փախել էր, ճողոպրել էր մարտադաշտից, պիտի անցնի Հանրապետության հրապարակո՞վ: Պարտված, փախած, ճողոպրած գերագույն գլխավոր հրամանատարը զորահանդե՞ս է ընդունում, ովքե՞ր են առաջնորդելու զինվորներին՝ երկչոտ, կզած, դավաճանած գեներալնե՞րը: Այս գործում երկու էշի գարի իրարից ջոկել չկարողացող Պապիկյան Սուրո՞ն պիտի «հաղթական շրջի» զորքերի առաջ… Դուք, ինչ է, կարծում եք՝ գժանոցում ամեն ինչ այլ կե՞րպ է լինում: Է՛լ Նապոլեոն, է՛լ Կուտուզով, է՛լ Մակեդոնացի… Ամբողջ օրը կռիվ-կռիվ են խաղում, պատիվ տալիս ու առնում:
Արագածի մակետն են դրել հրապարակում: Խեղճ Արագած, որ այդպիսի տեսք ունես՝ գագաթներդ կտրած, սեգ ժայռերդ կլորացրած… Բայց ի՞նչ արած, նիկոլական անգաղափարականության զոհերից մեկն էլ դու ես… Մասիսի պատկերից խորշում է մարդը: Թուրքերը վիզը կպոկեին, եթե Արարատ դներ: Վախը քի՞չ բան է: Նախապես էլ հայտարարել էր, որ այս զորահանդեսն ուժի ցուցադրության զորահանդես չէ, հարեւաններին սպառնալիքներ փոխանցելու զորահանդես չէ, այլ շոու է, որպեսզի ցույց տա, թե որտեղ եւ ինչպես է ծախսել ժողովրդի վզին դրված 8.5 միլիարդի պարտքը: Սա ոչ թե զորահանդես է, այլ նախընտրական քարոզչություն՝ պետական ռեսուրսի ափաշկարա գործադրմամբ: Ռեաբիլիտացվելու խնդիր է լուծում 44-օրյա պատերազմից հետո փախած, ժողովրդի ցասումից պադվալներում թաքնված, բայց հազար ու մի հնարքներով մարդկանց ուղեղները մաքրազարդած ու վերարտադրված Նիկոլը: Մարդիկ պետք է զորահանդես տեսնեն ու ծափ տան, փառաբանեն իրեն ընտրությունների նախօրյակին: Այլապես իր խմբակով ուր գնում՝ խայտառակվում է, բողոք, անեծք ու հայհոյանք է, որ լսում է: Ուրիշ ի՞նչ պետք է աներ այդ մթնոլորտը փոխելու համար… Դե իհարկե՝ նախընտրական զորահանդես եւ այն էլ՝ Սարդարապատի օրով:
Եվ ավարտեմ: Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե նորմալ կազմակերպեր այս ամենը: Նրա ամեն քայլը հարայ-հրոցով է ուղեկցվում: Արցախում ճղճղալը, անձամբ զորահավաք կազմակերպելը, ընդդիմության հասցեին լուտանքներ թափելը, քարոզարշավի շրջանակներում մարդկանց քաշքշելը, սպառնալը, սեփական մեղքերի մեջ ուրիշներին մեղադրելը, քաղաքում նրա տեղաշարժերը… Ամեն, ամեն ինչ, որ նրա անվան հետ է կապված, ուղեկցվում է աղմուկ-աղաղակով: Բացառություն չէ նաեւ զորահանդեսը, որ նա է կազմակերպել: Մի ամբողջ էշի հարսանիք՝ կասեր Աբովյանը: