21-ժամյա բանակցություններ՝ առանց համաձայնությունների
Իսլամաբադում 21 ժամ տևած ԱՄՆ-Իրան բանակցություններն ընդհատվել են՝ առանց համաձայնությունների։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վերադարձել է ԱՄՆ՝ հայտարարելով, որ Իրանը չի ընդունել ամերիկյան պահանջները, իրանական պատվիրակությունն էլ վերադարձել է Թեհրան։ ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է, որ Վաշինգտոնը պետք է զերծ մնա «չափազանց մեծ պահանջներից և անօրինական խնդրանքներից» ու ընդունի Իրանի «օրինական իրավունքներն ու շահերը»։
Միացյալ Նահանգների և Իրանի պատվիրակություններն Իսլամաբադում բանակցում էին պատերազմն ավարտելու պայմանների շուրջ:
Ամերիկյան կողմը ներկայացնում էին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, իսկ իրանականը՝ Մեջլիսի նախագահ, ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը, որը, իրանագետների գնահամամբ, աչքի է ընկնում իր հաստատակամությամբ։ Մինչև Իսլամաբադ մեկնելը Ղալիբաֆը X-ի իր միկրոբլոգում նկար էր տեղադրել՝ «Այս թռիչքի իմ ուղեկցողները» մակագրությամբ։ Նկարում պատկերված էին Մինաբի օրիորդաց դպրոցի հրետակոծության ժամանակ զոհված սաները։
Ի՞նչ են հայտարարել կողմերը
Վաշինգտոն վերադառնալուց առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու լուր է հայտնել բանակցությունների արդյունքների վերաբերյալ՝ վատ և լավ։ Ըստ փոխնախագահի՝ լավ լուրն այն է, որ բանակցությունները բովանդակալից են եղել։
«Իսկ վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չենք հասել, և կարծում եմ, որ դա վատ լուր է ավելի շատ Իրանի, քան Միացյալ Նահանգների համար։ Մենք պարզապես չկարողացանք հասնել մի իրավիճակի, երբ իրանցիները կընդունեին մեր պայմանները»,–ասել է Վենսը։
Փոխնախագահն ընդգծել է, որ միջուկային ծրագրի հարցն առանցքային է եղել բանակցություններում, և նախագահ Թրամփի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ունենա ինչպես հիմա, այնպես էլ ապագայում։ Վենսի խոսքով՝ Իսլամաբադում Միացյալ Նահանգները իրանցիների կողմից միջուկային զենք չմշակելու հանձնառություն չի տեսել։
Իսկ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ բանակցությունների ժամանակ իր պատվիրակությունը հանդես է եկել «հեռանկարային» նախաձեռնություններով, սակայն Միացյալ Նահանգներին չի հաջողվել շահել իրանցիների վստահությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ բանակցություններում քննարկվող թեմաների թվում են եղել Հորմուզի նեղուցը, Իրանի միջուկային ծրագիրը և «պատերազմի լիակատար դադարեցումը»։ Թե որ հարցերի շուրջ է եղել անհամաձայնությունը, չի մանրամասնել։ Բաղային Իսլամաբադում Միացյալ Նահանգների հետ բանակցությունները բնութագրել է «ինտենսիվ»՝ նշելով, որ դրանց հաջողությունը «կախված է հակառակ կողմի լրջությունից և բարի կամքից»։
Ինչ են կարծում փորձագետներն ու ինչ են գրում ԶԼՄ-ները
Tasnim-ը տեղեկացնում է, որ Թեհրանի հետ բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը պնդել է Իրանի հարստացված ուրանի պաշարների դուրսբերման հարցը։ Թեհրանը հրաժարվել է կատարել այս, ինչպես նաև Հորմուզի նեղուցն անվերապահ ապաշրջափակելու պայմանը։ Ըստ լրատվամիջոցի՝ այս կետերը եղել են «կարմիր գծեր» Իրանի համար։
Financial Times-ը, հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրների, նույնպես գրում է, որ Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցն է խոչընդոտել կողմերի հանրավոր համաձայնությանը։ Ըստ պարբերականի՝ Թեհրանը պնդում է նեղուցի նկատմամբ իր վերահսկողության իրավունքը և մերժում այդ գործընթացում Վաշինգտոնի մասնակցությունը։
Նյու Յորք Թայմսն էլ՝ «Վենսը վերադառնում է առանց պայամանվորվածության» հոդվածում գրում է․ «Այս ձախողումը Թրամփի վարչակազմին կանգնեցնում է մի քանի անցանկալի ընտրանքների առջև․ կա՛մ երկարատև բանակցություններ Թեհրանի հետ միջուկային ծրագրի ապագայի շուրջ, կա՛մ պատերազմի վերսկսում, որն արդեն իսկ աշխարհում առաջացրել է էներգետիկ մեծ ցնցում և Հորմուզի նեղուցի վերահսկողության համար երկարատև պայքարի հեռանկար:
Ալ Ջազիրան էլ նկատում է, որ Թեհրանի ու Վաշինգտոնի երկարատև բանակցությունները ձախողվել են՝ վտանգելով 6-շաբաթյա պատերազմի փխրուն հրադադարը։ Չնայած Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, թե արագ համաձայնություն չէր ակնկալվում, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բանակցությունների ավարտն անվանել է Իրանի համար բացասական զարգացում։
Անհամաձայնությունների շղթայում է մեկ հարց ևս՝ Լիբանանում հրադադարի հաստատումը։ Իրանական կողմը պնդում էր, որ հարցը ներառվի բանակցություններում։ Վաշինգտոնը հայտնում է, որ այն չի քննարկվել։
Ու մինչ կողմերը փորձում են ելքեր գտնել, Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին՝ նշելով, որ թիրախավորում է «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները: «Հեզբոլա»-ը ևս պատասխան հարվածներ է հասցնում: Կան զոհեր և վիրավորներ:
Ըստ նախնական պայմանավորվածության՝ Միացյալ նահանգները հարթակ է տրամադրել Իսրայելին ու Լիբանանին խաղաղության շուրջ բանակցելու համար։ Վաշինգտոնում բանակցությունները նախատեսված են հաջորդ շաբաթ։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը, սակայն, պնդել է, որ «Հեզբոլա»-ն չպետք է մասնակցի դրանց:
armradio.am