«Եթե ՀՀ իշխանությունն իսկապես նպատակ ունի սկսել ԵՄ անդամակցության գործընթաց, պետք է պատասխանի 2 հարցի»․ Արթուր Ղազինյան

«Եթե ՀՀ իշխանությունն իսկապես նպատակ ունի սկսել ԵՄ անդամակցության գործընթաց, պետք է պատասխանի 2 հարցի»․ Արթուր Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ԵՄ անդամակցություն. նախընտրական սուտ կամ էժան պոպուլիզմ.
     Վերջին շրջանում ՀՀ իշխանությունը ՀՀ ժողովրդի մեջ տարածում է Հայաստանի ԵՄ անդամակցության «ապագա»` տարրական գիտելիք չունենալով ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ:
     ԵՄ-ին անդամակցել ցանկացող պետությունը պետք է լինի ԵՎՐՈՊԱԿԱՆ (ԵՄ պայմանագրի 49 հոդված) և ամբողջությամբ բավարարի 1993թ․ Կոպենհագենում կայացած Եվրոպական խորհրդի ընդունած չափանիշներին, որոնք ունեն 3 հիմնական բաղադրիչներ.
     1. ՔԱՂԱՔԱԿԱՆ
     – կայուն ժողովրդավարական համակարգ
     – իրավոունքի գերակայություն
     – անկախ և արդյունավետ գործող դատական համակարգ
     – մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների արդյունավետ և երաշխավորված համակարգ
     ՏՆՏԵՍԱԿԱՆ
     – շուկայական տնտեսություն
     – ազատ մրցակցային տնտեսություն
     – մասնավոր սեփականության պաշտպանության երաշխիքներ
     -մակրոտնտեսական կայունություն
     -ներդրումների իրավական պաշտպանություն
     ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ
     -գործող օրենսդրությունն ամբողջությամբ համապատասխանեցնել ԵՄ իրավական համարգին
     -ԵՄ իրավունքի ամբողջական և արդյունավետ կիրառում պետության տարածքում:
     ԵՄ անդամակցության արագացված ժամկետը 7-ից 10 տարի է, միջին արագությամբ` 15 տարի:
     Թուրքիան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 1987թ-ին, իսկ թեկնածու պետության կարգավիճակ ստացել է միայն 1999թ-ին: Մինչ օրս չի դարձել ԵՄ անդամ:
     Եթե ինչ որ հրաշքով Հայաստանը բավարարի 1993թ․ կոպենհագենյան չափանիշներին, համարվի եվրոպական պետություն և ունենա ԵՄ հետ ընդհանուր (ծովային կամ ցամաքային) սահման, ապա անդամակցության գործընթացը կտևի 15-ից 20 տարի:
     ԵՄ հետ ընդհանուր սահման կարող է ունենալ միայն 2 ճանապարհով. Վրաստան և Թուրքիա: Այս 2 պետությունները տեսանելի ապագայում չեն կարող անդամակցել ԵՄ-ին, հետևաբար Հայաստանի ԵՄ անդամակցությունն առաջիկա 3 տասնամյակում ուղղակի անհնար է:
     Որպեսզի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում (ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստան-Իրան-Թուրքիա) փաստացի սկսվի նման գործընթաց, Հայաստանը պետք է վաղը դուրս գա ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, դուրս բերի ռուսական 102-րդ ռազմական բազան, դադարեցնի տնտեսության և անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ կնքված բոլոր երկկողմ և բազմակողմ-պայմանագրերը, դիմում ներկայացնի ՆԱՏՕ-ին միանալու համար:
     ՄԻԱՅՆ ԱՅՍ գործողությունները անելուց հետո Հայաստանը հնարավորություն կունենա պաշտոնապես դիմել ԵՄ անդամակցության` առանց վերջնական անդամակցության երաշխիքների: Հիշեցնեմ, անդամակցության գործընթացի միջին ժամկետը 15-ից 20 տարի է:
     Եթե ՀՀ գործող իշխանությունը ԻՍԿԱՊԵՍ նպատակ ունի սկսել ԵՄ անդամակցության գործընթաց, ապա պետք է պատասխանի հետևալ 2 հարցին.
     1. Ինչպես է պատրաստվում երաշխավորել ՀՀ անվտանգությունն առաջիկա 25 տարում` չլինելով որևէ անվտանգության համակարգի մաս` ունենալով բարդ և լարված հարաբերություններ Ռուսաստանի և Իրանի հետ (որպես այս գործընթացի կանխատեսելի հետևանք) և խիստ վտանգավոր խաղաղություն Ադրբեջանի հետ, և
     2. ինչպե՞ս է պատրաստվում ապահովել Հայաստանի տնտեսության կայուն աճը` Ռուսաստանի և Իրանի հետ առևտրային սահմանափակումների պարագայում:
     Հ.Գ. Այս իրողությունները պետք է հաշվի առնեն ՀՀ ԵՄ անդամակցության մասին խոսացող ցանկացած քաղաքական ուժ և անհատ, ԵԹԵ ԻՀԱՐԿԵ ԻՐԱԿԱՆՈւՄ ԱՌԱՋՆՈՐԴՎՈւՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐՈՎ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *