ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժեվորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։
Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-oրյա պատերազմին։
Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»:
Հիշեցնենք, որ նախօրեին Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով լրագրողներից մեկին, ասել էր. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ որ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի»։
Դրանից հետո ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննադատել է Անդրանիկ Քոչարյանի՝ բանակից ազատվելու մասին հայտարարությունը. «Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ ` Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը:
Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի:
Բարի ծառայություն մեր բոլոր զինվորներին և հաջող ուսումնառություն մեր տղաներին. նրանք բոլորը մեր երկրի հպարտությունն են»: