2025 թվականին Երևանում իրականացված շուրջ 3 միլիարդ դրամ արժողությամբ ասֆալտապատման աշխատանքները փաստացիորեն ձախողվել են։ Քաղաքի տարբեր վարչական շրջաններում այսօր կարելի է տեսնել նույն պատկերը՝ նոր ասֆալտապատված, բայց արդեն քանդված ճանապարհներ, խոր փոսեր և վտանգավոր հատվածներ, որոնք ոչ միայն խաթարում են երթևեկությունը, այլև ուղիղ սպառնալիք են քաղաքացիների անվտանգությանը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն ահազանգում է՝ ասֆալտապատումը, որը ներկայացվում էր որպես մայրաքաղաքի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման կարևոր քայլ, իրականում վերածվել է անորակ աշխատանքի դասական օրինակի։
Ընդամենը մի քանի ամիս անց նոր փռված ասֆալտը սկսել է ճաքել, քանդվել և փոշիանալ հատկապես ցուրտ եղանկային պայմաններում։
Գևորգ Ստեփանյանի խոսքով՝ դա պարզապես տեխնիկական խնդիր չէ, այլ կառավարման և վերահսկողության լուրջ ձախողում։ Երբ միլիարդավոր դրամներ են ուղղվում ասֆալտապատման աշխատաքնների համար, բայց դրա փոխարեն քաղաքացին ստանում է փոսերով, փլվածքներով ու մշտական վերանորոգման կարիք ունեցող ճանապարհներ։
«Նման անորակ աշխատանքները բերում են կրկնակի վնասի․ մի կողմից՝ վատնում են պետական և համայնքային բյուջեի միջոցները, մյուս կողմից՝ ստիպում են կրկին ծախսել նոր գումարներ՝ նույն ճանապարհների վերանորոգման համար»,- նշում է ավագանու անդամը։
Փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքների արդյունքը չի համապատասխանում ո՛չ ծախսված միջոցների ծավալին, ո՛չ էլ խոստացված որակին։
Մանրամասները՝ տեսանյութում