Փաշինյանի պաստառը ոչ դպրոցի պատին ենք թողել փակցնեն, ոչ գյուղապետարանի

Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի բնակիչներին անգամ ընտրություններին չեն հիշում: Իշխանությունների կողմից անտեսված՝ թշնամու թիրախում հայտնված այս գյուղը ունի մոտ 200 բնակիչ: Գյուղը կտրված է Վարդենիս քաղաքից, զուրկ է հանրային տրանսպորտից, գյուղում ո՛չ խանութ կա, ո՛չ դեղատուն: Երիտասարդները հեռանում են գյուղից՝ մի մասն ընդմիշտ, մյուսները՝ աշխատանքի բերումով, և վերադառնում են հանգստյան օրերին։

Բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ իշխանություններն անտեսել են իրենց գյուղը, անորոշ վիճակ է, մարդիկ չգիտեն՝ ինչ անեն. «Անգամ ընտրություններին մեզ չեն հիշում: Նայեք` ինչ պայմաններում ենք ապրում, գազ չունենք, ողջ տարին աթարով ենք յոլա գնում, գյուղում խանութ չկա, որ մի բան ա պետք լինում` հարևաններով միանում ենք, գնում Վարդենիսից առևտուր անում: Գյուղում ջահել չկա, մի քանի երեխա են մնացել, սրանք էլ կմեծանան, մի քանի տարի հետո, իրենք էլ կթողնեն գյուղը՝ կհեռանան: Գիտեք, որ ոչ մի աշխատեղ չկա, անասուն ենք պահում, հող ենք մշակում, ստացած բերք- բարիքով ապրում: Մեր գյուղը Բարգավաճն ա եկել ու Սամվել Կարապետյանի կուսակցությունը: Նրանց ենք պատմել մեր դարդն ու ցավը, տեսել են մեր վիճակը, հույսով ենք ինչ որ բան կփոխվի»,- մեզ հետ զրույցում ասում էին գյուղացիները:

Նրանց խոսքով՝ գյուղը սահմանամերձ ճանաչված չի, ոչ մի պետական ծրագրից իրենք չեն օգտվում: Ոմանք՝ հնարավորություն չունեն անգամ հող մշակեն, իսկ ով էլ որոշ չափով հնարավորություն ունի՝ երկմտում է. «Ասում են` խաղաղություն են բերել, ի՞նչ խաղաղություն, թշնամին եկել` նստել է մեր հողի մեջ, մեր սահմանին: Վախենալով ապրում ենք: Անորոշ վիճակ է, չգիտես թե այս տարի ինչ կերպ կավարտվի, սարի գլխին թուրքը նստած ա: Ամեն Աստծո օր փառք ենք տալիս, որ մի օր էլ՝ գիշերը լուսացրեցինք: Մեր գյուղն ո՞վ է հիշում` ո՛չ վերևներից են գալիս, ո՛չ մարզպետն է գալիս գյուղ, տեսնի՝ ինչ է կատարվում: Կարող ա մի օր էլ ասեն, որ մեր գյուղը դժգույն ա, ու տան ադրբեջանցիներին: Ամեն ինչից կտրված ենք, բայց լավ է, որ ինտերնետ կա, ամեն բան տեսնում ենք, լսում ենք, թե ինչ ա կատարվում Հայաստանում: Ընտրություններին բերեցին Նիկոլի պաստառը փակցրեցին` գնացին: Դա Էնքան չարժե, որ ո՛չ դպրոցի պատին ենք թողել որ կպցնեն, ո՛չ էլ՝ գյուղապետարանի: Տարել են մի հատ լքված, քանդված պատի վրա կպցրել են, անցնող, դառնող էլ՝ միզում ա նկարի վրա»: Այս գյուղի միակ լուսավոր կետը՝ նոր կառուցվող կրթահամալիրն է՝ 200 աշակերտի համար, որ կառուցվում է գյուղի վերջնամասում` սարի տակ: Հարեւան գյուղերում դպրոցները կփակվեն, աշակերտները կսովորեն Կախակնում կառուցվող կրթահամալիրում: Այստեղ եւս հարց է առաջանում` այս գյուղերում, որտեղից ջահելները հեռանում են, տարիներով գոնե 1 հարսանիք չի լինում, 3 գյուղի աշակերտների քանակը հազիվ մինչեւ 70 աշակերտի հասնի, ո՞ւմ համար են 220 աշակերտ ընդունող կրթահամալիր կառուցում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *