ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի թեկնածուին մեղադրել են իր մրցակցի մոտ կոկաին «գցելու» փորձի համար

Միսսուրի նահանգի Ներկայացուցիչների պալատի թեկնածու Թոմաս Ռոսին նկատմամբ դաշնային մեղադրանք է առաջադրվել վերահսկվող նյութեր տարածելու դավադրության հոդվածով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Քննության վարկածով՝ նա փորձել է կոկաին և ադերոլ տեղադրել հանրապետականների նախնական ընտրություններում իր մրցակցի մոտ։

37-ամյա Ռոսը հինգշաբթի օրը կանգնել է դատարանի առջև։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ օգոստոսի 4-ին կայացած ընտրությունների նախօրեին նա իր նախընտրական շտաբի նախկին ղեկավարին խնդրել է փոքր քանակությամբ կոկաին և ամֆետամինի հաբ գցել Լուիզա Սեքերի մոտ։ Ռոսը հաղթել էր Սեքերին ընդամենը մի քանի տասնյակ ձայնի առավելությամբ։

Շտաբի նախկին ղեկավարը իրավապահ մարմիններին պատմել է, որ Ռոսն իրեն է փոխանցել սև նեյլոնե ձեռնոց, որի մեջ եղել է սպիտակ փոշով փոքրիկ պլաստիկ տոպրակ և վարդագույն-սպիտակ պատիճ։ ՀԴԲ-ի տվյալներով՝ Ռոսը նրան հանձնարարել է դրանք դնել Սեքերի պայուսակի կամ մեքենայի մեջ, քանի դեռ ինքը արձակուրդում էր նահանգի սահմաններից դուրս։

Ավելի ուշ իրականացված փորձաքննությունը ցույց է տվել, որ փոշին կոկաին է եղել, իսկ պատիճը պարունակել է ամֆետամինի հիմքով ադերոլ։

Գործի նյութերի համաձայն՝ Ռոսը շտաբի աշխատակցին նաև բազմաթիվ հաղորդագրություններ է ուղարկել այդ «նյութի» մասին։ Դրանցից մեկում նա հույս է հայտնել, որ կհասցնեն իրականացնել ծրագիրը, նախքան Սեքերը կմասնակցի Ջոպլինի ռեստորաններից մեկում կայանալիք հանրապետական կանանց հանդիպմանը։ ՀԴԲ-ի կարծիքով՝ թեկնածուն գրել է, որ դա «ծանր հարված կլինի» մրցակցի հեղինակությանը։

Ռոսն առայժմ չի մեկնաբանել մեղադրանքները։ Նրան նշանակված հանրային պաշտպանը նույնպես չի պատասխանել այն հարցմանը, թե ինչ դիրքորոշում է նախատեսում որդեգրել թեկնածուն դատարանում։

Միսսուրիի Հանրապետական կուսակցության նախագահ Փիթեր Քինդերը Ռոսին կոչ է արել դուրս գալ ընտրապայքարից՝ նրա հապաղման և ձերբակալման հանգամանքներն անվանելով «լուրջ և խորապես մտահոգիչ»։

Դաշնային դատախազ Մեթյու Փրայսը հայտարարել է, որ ընտրողները պետք է վստահ լինեն ընտրությունների ազնվության հարցում։ «Թեկնածուներից ակնկալվում է, որ նրանք արշավները կվարեն բարեխղճորեն, ազնվորեն և իրենց մրցակիցների նկատմամբ ունեցած հարգանքով»,— ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *