Ոչ մի իշխանություն հավերժ չէ. Հունգարիայի դասերը Հայաստանի համար

«Այնտեղ, որտեղ ընդդիմությունը միասնական պայքար է տանում, կարող է հաջողություն ունենալ»,- ասաց ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների օրինակին, որտեղ ընդդիմությանը հաջողվեց տապալել 16 տարի իշխող ուժին։

Oragir.News-ի հետ զրույցում Ղազարյանը հիշեցրեց, որ ընտրություններից օրեր առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել էր Բուդապեշտ և աջակցություն հայտնել Վիկտոր Օրբանին չօգնեց, բայց վերջինս պարտվեց։ Այսինան՝ ԱՄՆ աջակցությունը չգնեց Օրբանին վերընտրվելու հարցում, քանի որ ժողովրդի կամքն այլ էր։

Նշեց նաև, որ սա լուրջ առիթ է Նիկոլ Փաշինյանի համար մտորելու.

«Նա կորցնելու է իշխանությունը հունիսի 7-ին, քանի որ հայ ժողովրդի կամքը նույնպես իրեն հակառակ է»։

Ղազարյանի խոսքով՝ Հայաստանում արդեն իսկ նկատվում է լուրջ քաղաքական կոնսոլիդացիա Սամվել Կարապետյանի առաջնորդած դաշինքի շուրջ, որին միացել և իրենց աջակցությունն են հայտնել բազմաթիվ քաղաքական ուժեր։

«Վիկտոր Օրբանն իր էությամբ բռնապետերի՝ Ալիևի և Էրդողանի սպասավորն է։ Նրա պարտությունը մեծ խորհուրդ ունի ոչ միայն իշխանությանը հեռացնելու, այլև նրա հակահայ քայլերի իմաստով»,- ասաց Էդգար Ղազարյանն ու հիշեցրեց, որ Օրբանն Ադրբեջանին էր հանձնել հայ սպային կացնահարած մարդասպանին, ապա մասնակցել Արցախը հանձնելու գործընթացին և մշտապես բոյկոտել Հայաստանին տրամադրվող օգնության ծրագրերը։

Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց նաև քաղաքագետ Թևան Պողոսյանից, թե ինչո՞ւ «Տիսա» կուսակցությունը կարողացավ հաղթել Հունգարիայում, և Հայաստանն ի՞նչ դաս կարող է քաղել սրանից։

Քաղաքագետը նշեց՝ առաջին դասն այն է, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Նա բացատրեց, որ պետք չէ ապավինել արտաքին օժանդակությանը կամ Թրամփի հետ լուսանկարներին։

Պողոսյանը նաև նկատեց, որ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, Օրբանը ընտրություններից առաջ ազգին պատերազմով չէր վախեցնում և ի վերջո նորմալ ձևով ընդունեց իր պարտությունը։

Հարցին, թե՝ «Տիսան» կարողացավ 16 տարի կառավարող Օրբանին դուրս հանել, իսկ մեր պարագայում ինչպե՞ս կարող է լինել հանրության համախմբումը, քաղաքագետը պատասխանեց.

«Ամեն ինչ կախված է հանրային միասնական ցանկությունից։ Եթե Հայաստանում էլ ընտրողների 77%-ը գնա մասնակցի, վստահ եմ, որ փոփոխություններ կլինեն»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ցուցադրաբար աջակցում էր Հունգարիայում 16 տարի իշխող Վիկտոր Օրբանին: Ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է ապրիլի 12-ի ընտրություններում, ապահովելով սահմանադրական մեծամասնություն (138 տեղ 199-ից)։ Իսկ նրա առաջնորդ Պետեր Մադյարը հայտարարել է. «Միասին մենք ազատագրել ենք Հունգարիան և տապալել Օրբանի ռեժիմը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *