«Հրապարակ». 90-ականներին գիտեինք, որ կար Արցախ, ունեինք ուժեղ բանակ, հիմա ի՞նչ ունենք

«Հրապարակի» զրուցակիցն «Ուժեղ Հայաստան» կուսակցության Գեղարքունիքի մարզի պատգամավորի թեկնածու Լուսինե Մարտիրոսյանն է:

– Դուք ծնվել, մեծացել եք Վարդենիս քաղաքում, քարոզարշավի ընթացքում տարբեր համայնքներ եք այցելում, ի՞նչ խնդիրներ են բարձրացնում գյուղացիները հանդիպումների ժամանակ, եւ ի՞նչ կասեք սահմանների անվտանգության մասին, քանի որ Վարդենիսը սահմանային համայնք է:

– Վարդենիսն ունի 34 գյուղ, որից 9-ը սահմանամերձ են: 2021-22 թվականների ադրբեջանական ագրեսիայից հետո գյուղերից 5-6 կմ հեռավորության վրա կանգնած են ադրբեջանական զինվորներ: Այդ գյուղերում, կարելի է ասել, կյանք չկա, մարդիկ զրկված են տարրական պայմաններից, չունեն քաղաքային տրանսպորտ, անգամ խանութ եւ դեղատուն չունեն: Այդ ամենին ավելացել է մի կարեւորագույն խնդիր՝ գյուղացին կորցրել է իր արոտավայրերը, վարելահողերը: Վախենում են երեխաներին դպրոց տանել, որովհետեւ դպրոցն ադրբեջանցիների նշանառության տակ է: Գիտե՞ք, թե քանի անգամ է եղել, որ նրանք կրակել են, մենք չենք պատասխանել: Այդ գյուղերում ապրում են Սումգայիթից գաղթածները, հիմա նաեւ ավելացել են արցախցիներ: Իրենց մոտ կա գենետիկ հիշողություն: Նրանք տեսել են ջարդ ու պատերազմ, շատ մեծ անհանգստություն կա: Իզուր չենք անընդհատ շեշտում 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին: Ինչո՞ւ են այդ գյուղերում վերանորոգում եւ կառուցում դպրոցներ, մանկապարտեզներ, ինչի՞ համար է դա արվում, եթե, օրինակ, սահմանամերձ գյուղի դպրոցն ունի 20 աշակերտ, բայց կառուցում են դպրոց՝ 200 աշակերտի համար: Մենք վստահ ենք, որ դա խոստացված 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հետ է կապված: Ունենք ինֆորմացիա, որ դրանք ուղղակի այն ադրբեջանցիների թոռները չեն, ովքեր 90-ականներից գնացել են, հիմա հետ են գալիս: Ադրբեջանում կա բնակչության մի մասսա՝ 44-օրյա պատերազմի ահաբեկիչները, որոնց Ադրբեջանը վարձել էր պատերազմի ժամանակ, հիմա նրանք ապրում են Ադրբեջանում, կոնկրետ խնդիրներ են առաջացնում Ադրբեջանի բնակիչների համար, եւ այս ծրագրով՝ 300 հազար ադրբեջանցիների մուտքով, իրենք ուղղակի մաքրում են Ադրբեջանն այս ահաբեկիչներից: Եվ դա միանգամից չեն անելու՝ փուլառփուլ են տեղավորելու: Ո՞ր գյուղացին կապրի այդ ահաբեկիչների հետ, բնականաբար, հեռանալու են: Իսկ մեր քաղաքական ուժն իր ծրագրում ընդգրկել է 300 հազար աշխատատեղ եւ ընտրվելուց հետո ընդունելու է «Սաֆարովի կանխարգելման օրենք»։ Մենք առաջարկում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որեւիցե ֆիզիկական կամ իրավաբանական անձ` որպես իրական շահառու, ՀՀ-ում գործունեություն ծավալող, չի կարողանալու ձեռք բերել մեր երկրում որեւէ անշարժ գույք: Նշեմ նաեւ, որ Վարդենիսը տուժած համայնք է, քանի որ Սոթքի ոսկու հանքի մեծ մասը եւս ադրբեջանցիների հսկողության տակ է: Վարդենիսում փակել են անձնագրային բաժանմունքը, Վարդենիսը չունի դիահերձարան, շուտով կօպտիմալացնեն հիվանդանոցները, եւ Գեղարքունիքի մարզում կլինի մեկ մարզային հիվանդանոց։ Այսքանից հետո, ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ համար են արել այս ամենը: Վարդենիսը դատարկում են ադրբեջանցիների համար, քիչ-քիչ դատարկելով, կհասնեն Սեւան: 2022-ին Ադրբեջանը ռմբակոծեց Սոթքի զինվորական ստորաբաժանումը, մենք այդ ժամանակ ռումբերի պայթյունների տակ էինք, եւ հիշում եմ, թե ինչ արագությամբ հավաքեցինք ու քաղաք տարանք երեխաներին: 90-ականներին ես նույնպես մեծացել եմ ռումբերի պայթյունների տակ: Մութ ու ցուրտ վատ տարիներին զուգահեռ իրականություն կար, որտեղ ազատագրվում էր Արցախը: Արցախի ազատագրման առաջին հրամանատարներից մեկն էլ հայրս է: Մեզ այդ տարիներին դպրոցներում քարոզել են հայրենասիրություն: Հիմա ի՞նչ են անում: Լսած կլինեք՝ փակում են նաեւ Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը: Չկա այդպիսի համայնք, որ զինվոր չի կորցրել, եւ այդ զինվորների անուններով դպրոցներ եւ դասարաններ են անվանակոչվել: Չի բացառվում, որ նույնն անեն նաեւ Վարդենիսի տարածաշրջանում: Ասեն՝ մոռացեք ձեր զոհերին, գերեզմաններից դրոշները հանեք: Փաշինյանի վերընտրվելուց հետո չի բացառվում, որ նա ասի՝ Վարդենիսը դժբախտ, դժգույն քաղաք է, մեզ պե՞տք է, հանձնենք՝ հանգիստ ապրենք, ինչպես արեց Շուշիի դեպքում: Նիկոլ Փաշինյանի այս «խաղաղությունը» շատ ավելի վտանգավոր է, քան այն անհանգստությունը կամ այն պատերազմական վիճակը, որ ունեինք 90-ականներին: Այն ժամանակ մենք գիտեինք, որ կար Արցախ, ունեինք ուժեղ բանակ, հիմա ի՞նչ ունենք: Սա է այն դառը իրականությունը, որի մեջ ապրում ենք: Ես խնդրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ստիպված են ընտրելու գործող իշխանությանը՝ զուտ իրենց աշխատանքը պահելու համար, մի վախեցեք՝ Սամվել Կարապետյանն արդեն խոսել է այն մասին, որ այն ՔՊ-ական պաշտոնյաները, ովքեր մաքուր ձեռքեր ունեն, աշխատանքից չեն ազատվի:

– Որքան մոտենում է ընտ­րության օրը, Փաշինյանն ավելի ագրեսիվ է դառնում՝ սպառնում է ընդդիմադիրներին, թե կփակի բանտերում, կխլի ունեցվածքը, անգամ կանանց է վիրավորում:

– Իմ կարծիքով, ինքը միշտ էլ չի փայլել իր կուլտուրայով, մարդկանց հետ շփվելու, հատկապես կանանց հետ շփվելու կուլտուրա չունի: Տեսանք վերջերս, թե նա բժշկուհու հետ ինչպես վարվեց: Ինքս էլ բժշկուհի եմ, անընդունելի էր նրա պահվածքը՝ թեւից բռնել ու թափահարում էր կնոջը: Մեր առաջնորդին են կպնում՝ ասելով, թե ինչու ձեր տղաները չեն զոհվել: Այդ մարդիկ միայն մահ ու արյուն են սիրում: Հիմա այս ջղաձգումները կապված են այն բանի հետ, որ ամեն օր իրեն զեկուցում են այն մասին, թե հարցումներն ինչ են ցույց տալիս: Այդ թվերը նաեւ մենք ենք տեսնում, հետեւաբար, դա արդյունք է նրա, որ օրեցօր իր ռեյտինգն իջնում է: Ամեն օր՝ ուզի, թե չուզի, ինչ-որ վատ բան անում է եւ կորցնում է իր ընտրողների իքս տոկոսը: Մեր առաջնորդ Սամվել Կարապետյանի նպատակն է, որ Հայաստանը հանի այս իրավիճակից: Բոլորն էլ լավ գիտեն Սամվել Կարապետյանի բարեգործությունների մասին, նա միայն «Արագիլ» հիմնադրամին 870 մլն դրամ է փոխանցել, որպեսզի անպտուղ զույգերը երեխաներ ունենան, քանի ծննդատուն ու հիվանդանոց է կառուցել: Մենք խոսում ենք բարգավաճումից, ծաղկեցնելուց, խոսում ենք ծնունդներից, այս իշխանությունը խոսում է մահերից, ասում է՝ ինչո՞ւ չեք զոհվել: Ընտրվելուց հետո մենք գալիս ենք արյունահոսող հայրենիքը վերակառուցելու ու վերանորոգելու: Սամվել Կարապետյանն առաջարկում է՝ 0% հարկ փոքր բիզնեսի համար, 20% ավելի էժան դեղորայք, երաշխավորված մթերում գյուղատնտեսների համար, 20 հազար մատչելի բնակարան՝ պետական աջակցությամբ, բուժաշխատողների եւ ուսուցիչների աշխատավարձի բարձրացում․ տարեկան 25%՝ մարզերում, 20%՝ Երեւանում, 0% ծայրահեղ աղքատություն Հայաստանում, անվճար բարձրագույն կրթություն ուսանողների համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *