Ինչու են ռուսներն ուզում, որ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անի

Ռուս բազմաթիվ փոքր ու մեծ պաշտոնյաներ միանշանակ ու լուրջ քննարկում են, թե ինչ են շահելու, երբ Հայաստանն անդամակցի ԵՄ-ին։ Օրեր առաջ Պուտինն էր բաց խոսում Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու մասին։ Մայիսի 28-ին ՌԴ Էներգետիկայի նապարարն է հայտնել, որ պաշտոնական փակ նամակով տեղեկացրել են Հայաստանին, թե մատակարարվող ռուսական գազը, նավթը, նավթամթերքը ինչքան կթանկանան ՀՀ-ի համար՝ ԵՄ-ին անդամակցելու պարագայում։ Մեկ այլ երկարանուն գերատեսչություն արդեն արգելել է ՌԴ ներկրել հայկական արտադրության գյուղատնտեսական որոշ ապրաքներ։ Իսկ մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը բարձրագույն մակարդակով քննարկել է Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու հարցը։

Տպավորություն է, թե բոլորը գիտեն, որ Հայաստանն առաջիկայում դուրս է գալու ԵԱՏՄ-ից ու անդամակցելու է ԵՄ-ին։ Կարծես՝ ամեն ինչ որոշված է, և արդեն քննարկում են հետևանքները, ակնկալիքները և նման բաներ։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, հավաստիացնում է, թե ԵՄ-ին անդամակցելու օրակարգ չունի, մնալու է և աշխատելու ԵԱՏՄ-ում։

Եթե Փաշինյանը ճիշտ է ասում և ԵՄ-ին անդամակցելու թեմա չկա, ապա ի՞նչ են քննարկում ռուսներն Աստանայում, ի՞նչ փակ, պաշտոնական նամակներ են ուղարկում ՀՀ կառավարությանը ԵՄ-ի միանալու թեմայով։ Ռուսները կորցրե՞լ են իրականության զգացումը, չե՞ն վստահում Փաշինյանի հավաստիացումներին, թե՞ մտադիր են ՀՀ-ին դուրս վռնդել ԵԱՏՄ-ից։

Իսկ եթե ռուսներն են ճիշտ, և առաջիկայում Հայաստանն իրոք դուրս է գալու ԵԱՏՄ-ից և անդամակցելու ԵՄ-ին, ապա ինչո՞ւ ՀՀ իշխանություններն այս մասին սիրելի ժողովրդին չեն ասում, ինչո՞ւ է սիրելի ժողովուրդը ռուս պաշտոնյաներից իմանում, որ լուրջ քննարկումներ են անում, ծրագրեր կազվում, կոչ անում Հայաստանին ԵՄ-ին միանալու թեմայով հանրաքվե կազմակերել։

ՔՊ նախընտրական ծրագրում գրված է՝ «Մենք հասկանում ենք, որ հնարավոր չէ միաժամանակ լինել թե՛ Եվրասիական տնտեսական միության անդամ, թե՛ Եվրոպական միության անդամ։ Բայց քանի դեռ Եվրոպական միության հետ մոտարկման, ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հետ, Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ և կզարգացնի առևտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ»։

Ողջամիտ կասկած կար, թե ռուսներն այսօր կամ վաղն ուղիղ հայտարարելու են սրա հակառակը։ Այսինքն՝ ասելու են, թե ԵՄ-ի հետ մոտարկման, ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի չեն ԵԱՏՄ անդամ լինելու հետ։ Հայաստանին առաջարկելու են ընտրություն կատարել և այդ որոշման մասին հայտարարել նախքան հունիսի 7-ը։ Այսինքն՝ սպասվում էր, որ Մոսկվան այսօր կամ վաղը վերջնագիր է ներկայացնելու Երևանին։ Ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Եվ մայիսի 29-ին հայտնի դարձավ, որ ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարներն Աստանայում կայացած գագաթնաժողովի ընթացքում հայտարարություն են ընդունել և այն փոխանցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդներն այսօր կոչ են արել Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցի վերաբերյալ։ «Մենք կիսում ենք Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ»,- ասվում է 4 երկրների համատեղ հայտարարության մեջ։

Դավադրության տեսության կողմնակիցները կարծում են, թե սա մտածված ռուսական խաղ է, ըստ որի՝ Մոսկվան ձևական կոնֆլիկտ է հրահրվում Հայաստանի հետ, նրա դեմ խիստ պատժամիջոցներ սահմանում, որ ԵՄ-ն մարդասիրական խիզախություն դրսևորի ու բացի դռները Հայաստանի առաջ։ ՀՀ-ն արագացված ընթացակարգով ԵՄ անդամ կդառնա, իսկ Փաշինյանը չի մոռանա ռուսական աջակցությունը 2018-ին իշխանափոխության հարցում և կշարունակի պաշտպանել Մոսկվայի շահերը ԵՄ կառույցներում։ Այսինքն՝ ռուսներն ուզում են, որ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցի, որ Փաշինյանն այնտեղ պաշտպանի ռուսական շահերը, ինչպես նախընթաց տարիներին անում էր Հունգարիայի Վիկտոր Օրբանը։ Եթե այս վարկածը ճիշտ է, ապա առաջիկայում այն քաղաքական ուժերը, որոնք ասոցիացվում են Ռուսաստանի կամ Բելառուսի հետ կոչ կանեն քաղաքացինոին քվեարկել ԵԱՏՄ-ից դուս գալու և ԵՄ-ին անդամակցելու օգտին։

Ի վերջո՝ չի բացառվում, որ աշխարհի մեծերը Հայաստանի հարցը լուծել են առանց մեզ՝ ո՛չ ժողովրդին են հարցրել, ո՛չ էլ Փաշինյանին հայտնել մանրամասները։ Այսինքն՝ տեղի է ունեցել մեծ առևտուր, և ՌԴ-ն Արևմուտքին է զիջել Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը։ Եթե այսպես է, ապա ռուսներն առաջիկա օրերին կհայտարարեն, որ դուրս են գալիս Հայաստանից, որ իրենց ներկայությամբ չազդեն հանրաքվեի արդյունքների վրա։


Թաթուլ Մկրտչյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *