Մեր բոլոր դժբախտությունների և նվաստացումների անունը Նիկոլ Փաշինյան է

«Հրապարակի» զրուցակիցը Ազգային ժողովրդավարական բեւեռի ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Արմինե Սախոյանն է

– Նախընտրական քարոզարշավին մնաց 6 օր։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է բղավել ու սպառնալ, շարունակում է պնդել, որ պատժելու է բոլոր նրանց, ովքեր պայքարում են Արցախի համար։ Փաշինյանը նաև տարակուսանք է հայտնել, թե ինչու արցախցիները համատարած չեն զոհվել պատերազմում, դե իսկ պատերազմով ժողովրդին սպառնալը այս պայքարում վարչապետի աթոռը երրորդ անգամ զբաղեցնել ցանկացողի համար ձայներ կորզելու հիմնական գործիքն է դարձել։ Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը, եթե այն ամփոփենք։

– Ընտրարշավի այս ընթացքը ցույց տվեց մեկ բան, որ Նիկոլ Փաշինյանը որևէ ասպեկտում իր խոսքի տերը չէ։ Նա խոստացել էր, որ փոխելու է իր խոսույթը՝ դեռ ամիսներ առաջ, սակայն այս օրերի ատելության խոսքի տարածումը հերթական անգամ մեկ բան ցույց տվեց, որ այս մարդը չի կարող իր խոստումներին տեր կանգնել։ Եթե ընդամենը ատելության խոսք չտարածելու հարցում նա նույնիսկ չի կարողանում իրեն զսպել, էլ ինչ լավ բան կարելի է սպասել սրանցից։ 2021 թվականին բազմաթիվ խոստումներ էին տվել, որոնցից և ոչ մեկը չկարողացան կատարել։ Այժմ ինչպե՞ս կարելի է հավատալ, որ խաղաղություն են հաստատելու, երկիրը շենացնելու են և այլն։ Այս խոսույթը, Փաշինյան Նիկոլի ցայտնոտային վիճակը և առհասարակ ՔՊ կուսակցության անդամների անհանգիստ վիճակը, իրար հերթ չտալով լայվեր անելը և այլն, մեկ բանի մասին են փաստում՝ նրանց վարկանիշը շատ ցածր է։ Եթե չլինեին վարչական ռեսուրսները, եթե չլինեին ուժայինները, ապա այս մարդիկ չէին կարողանալու իրենց «մասովկան» ապահովել։ Տարակուսելի է, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անգամ չունի ամոթի զգացում։ Խոսելով այն մասին, որ Փաշինյանի հավաքներին դպրոցի տնօրեններ և ուսուցիչներ են ստիպողաբար բերվում, այդ թվում աշակերտներ, դրանք փաստեր են, որոնք ոչ ոք չի կարող այլևս հերքել, նա նշում է, որ դեռ վարչապետը պետք է ասի, ինքնիրավչություն է այն, թե ոչ։ Այս մարդիկ առանց ամաչելու կարողանում են սուտը ներկայացնել իրականության տեղ։ Այն մարդիկ, ովքեր մասնակցում են այդ հավաքներին՝ ստիպողաբար, հետո պատմում են ամեն ինչի մասին, այնպես չէ, որ լռում են, մարդիկ իրենց բերանով ասում են, որ դպրոցում են աշխատում, մանկապարտեզում են աշխատում, կան տեսանյութեր։ Սա անբռնազբոս վերաբերմունք է ողջ հանրության հանդեպ։ Դրանով ուզում են ասել, որ ինչ ուզեն, անելու են, սակայն վատ է, որ չեն գիտակցում, թե ինչ են անում։ Մարդիկ կարողանում են թացը չորից տարբերել և հասկանում են իրենց խաղերը։ Այն ստերը, որոնք ներկայացնում է ռեժիմը հանրության մեծամասնության կողմից չի յուրացվում։ Այո, գուցե կան մարդիկ, ովքեր առանց փաստերը վերլուծելու սատարում են Փաշինյանին, բայց նրանք հաստատապես չեն կազմում մեծամասնություն։

– Ամիսներ առաջ, երբ Չարենցավանում հանդիպեցիք Նիկոլ Փաշինանին, նրան բավականին կոշտ հարցադրումներ արեցիք։ Եթե հիմա կրկին հանդիպեք նրան, ի՞նչ կասեք։

– Ես նրան նորից նույնը կասեմ, պարզապես առավել փաստարկված։ Ես նրան նորից կասեմ, որ ինքն է պատճառը մեր հազարավոր զոհերի, կասեմ, որ ինքն է պատճառը Արցախի կորստի, և ինքն է պատճառը, որ Ալիևը Հայաստանը անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Կասեմ, որ ինքն է պատճառը, որ ըստ Ալիևի՝ իբրև թե ազերիներ են ապրել Հայաստանում և պետք է վերադառնան, և որ պետք է նրանց անվտանգությունն ապահովվի և այլն։ Մեր բոլոր դժբախտությունների և նվաստացումների անունը Նիկոլ Փաշինյան է։ Բազմաթիվ հայցեր է Ադրբեջանը մեր դեմ ներկայացնում, իսկ Ադրբեջանի ՄԻՊ-ը պնդում է, որ 1918 թվականին հայերը ադրբեջանցիներին ենթարկել են ցեղասպանության։ Այս ամենի գլխավոր պատճառը, համար մեկ պատասխանատուն այս դավաճանն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Նա դավաճան է և նրա դավաճանություններին չկա արդարացում։ Նա իր դավաճանությունների համար հայ ժողովրդին պետք է պատասխան տա։ Ոչ մի իշխանավոր մեր պատմության ընթացքում չի բերել այսքան աղետ ու նվաստացում մեր ժողովրդի գլխին, որքան այս դավաճանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *