Ռուսաստանն ու Մեքսիկան քննարկում են փոխադարձ հաշվարկների համար SWIFT միջազգային վճարային համակարգի սեփական այլընտրանքը ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել են Մեքսիկայում Ռուսաստանի դեսպանատնից։
Կողմերը նաև քննարկում են ռուսական «Միր» վճարային քարտերի ներդրման հնարավորությունը Մեքսիկայի զբոսաշրջային գոտիներում, ինչը կարող է հեշտացնել ռուս զբոսաշրջիկների ֆինանսական գործարքները երկրում։
Դեսպանատան տվյալներով՝ 2025 թվականին Ռուսաստանի և Մեքսիկայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 959 մլն դոլար։
SWIFT համակարգի այլընտրանքի ստեղծման նախաձեռնությունը կարող է նպաստել երկու երկրների միջև ֆինանսական գործարքների պարզեցմանը և ազգային վճարային համակարգերի օգտագործման ընդլայնմանը միջազգային առևտրում։
Վերջին տարիներին Ռուսաստանը ակտիվորեն զարգացնում է սեփական ֆինանսական ենթակառուցվածքները՝ արևմտյան պատժամիջոցների և միջազգային վճարային համակարգերի սահմանափակումների պայմաններում։ Մեքսիկայի հետ համագործակցությունը կարող է դառնալ այդ քաղաքականության հերթական քայլերից մեկը։