ԱՄՆ-ն և Իրանը փոխանակվել են հարվածներով․ կրկին պատերա՞զմ

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ-ն շաբաթավերջին հարվածել է իրանական ռադարին և անօդաչու թռչող սարքերի կառավարման օբյեկտներին։

«Շաբաթավերջին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ինքնապաշտպանության հարվածներ է հասցրել Իրանի Գարուկ քաղաքում և Քեշմ կղզում գտնվող իրանական ռադարին և անօդաչու թռչող սարքերի կառավարման օբյեկտներին», – ասվում է հրամանատարության X սոցիալական հարթակում տեղադրված հայտարարության մեջ։

CENTCOM-ը նշել է, որ հարվածները հասցվել են ի պատասխան «Իրանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ միջազգային ջրերի վրայով թռչող ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի խոցման»։

«ԱՄՆ կործանիչ ինքնաթիռները արագ արձագանքել են՝ ոչնչացնելով իրանական օդային պաշտպանության միջոցները, ցամաքային կառավարման կենտրոնը և երկու անօդաչու թռչող սարքեր, որոնք հստակ սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանային ջրերով անցնող նավերի համար», – հավելել է CENTCOM-ը։

ԱՄՆ զինծառայողներից ոչ ոք չի տուժել։

Իր հերթին, Tasnim-ը հաղորդում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հակահարված է տվել։

«Հորմոզգան նահանգի Սիրիկ կղզում գտնվող հեռահաղորդակցության աշտարակի դեմ ԱՄՆ բանակի կողմից մի քանի ժամ առաջ իրականացված ագրեսիայից հետո, ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի կործանիչները հարվածել են այն ավիաբազային, որտեղից սկսվել էր հարձակումը։ Նախատեսված թիրախները ոչնչացվել են», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ եթե նմանատիպ գործողությունները կրկնվեն, պատասխանը կլինի «բոլորովին այլ»։

Հայտարարության մեջ ավելացվում է, որ հետագա ցանկացած սրման պատասխանատվությունը կընկնի «ագրեսիվ և երեխա սպանող ամերիկյան ռեժիմի» վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *