ՀՀ-ն պետք է խստացնի պայքարը խտրականության և ատելության խոսքի դեմ. ԵԽ հանձնակատարը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Եվրոպայի խորհրդի կայքում հրապարակվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի նամակն ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով վերջինս ամփոփել է 2026 թվականի փետրվարի 3-5-ը Հայաստան կատարած այցը։ 

Նամակում նա ողջունել է Հայաստանի առաջընթացը, ներառյալ նոր ոլորտային օրենսդրությունը և Քրեական օրենսգրքով սահմանված երաշխիքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ աշխատանքը։ Ողջունելով այն փաստը, որ Հայաստանի արդարադատության նախարարությունը պատրաստում է խտրականության կանխարգելման և դրանից պաշտպանության մասին օրենքի նախագիծը՝ նա ընդգծել է մի քանի խնդիրներ, որոնց լուծումը կապահովի օրենքի համապատասխանումը Եվրոպայի Խորհրդի չափանիշներին։ Մասնավորապես, ընդգծվել է, որ կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանին օժտել հստակ սահմանված լիազորություններով՝ որպես հավասարության ապահովման մարմնի՝ խտրականության դեմ արդյունավետ պայքարի եւ հավասարության խթանման համար անհրաժեշտ իրավասություններով ու ռեսուրսներով։ 

Օ’Ֆլահերթիի կողմից բարձրացված այլ հարցերի թվում են իրավական որոշակիության ապահովումը ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության գործում և ատելության խոսքի հետ կապված խնդիրների լուծումը: Նա վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ համապարփակ օրենք ընդունելու համար և հորդորել է օգտագործել այս հնարավորությունը՝ ստեղծելու խտրականության դեմ պայքարի հզոր շրջանակ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և բազմազան հասարակության կարիքներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *