Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում և Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության կառավարությունների աջակցությամբ հունիսի 2-ին Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը և մեկնել Կարս՝ մասնակցելու Թուրքիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը․ հաղորդում է «Արմենպրես»-ը։
Երկու երկրների գործարար համայնքները ողջունել են Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի մեկնարկի համար ձևավորված բարենպաստ միջավայրը։
Հանդիպման ընթացքում երկու երկրների գործարար համայնքները, որոնք ներկայացնում են սննդամթերքի, խմիչքների, շշալցված ջրի, հյութերի, մրգերի, ծխախոտի, շինարարության, զբոսաշրջության, ծաղկի արտադրության և այլ ոլորտներ, ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զգալի ներուժը և մտքեր փոխանակել ապագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
Հանդիպման մասնակիցները ողջունել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար Թուրքիայում անհրաժեշտ վարչարարական ընթացակարգերի ավարտը, ինչը հնարավորություն է տալիս երկու երկրների միջև երրորդ երկրի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների դեպքում որպես վերջնակետ կամ ծագման երկիր նշել «Հայաստան» կամ «Թուրքիա»։
Բացի այդ, նրանք ընդգծել են հայկական ապրանքներին Ախալքալաք–Կարս երկաթուղուն հասանելիության տրամադրման կարևորությունը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ և տարածաշրջանային առևտրի զարգացման համար։