Եթե այս ընտրություններում մենք մեր ձայները նորից տանք այդ ուժերին, ապա հաջորդ ընտրությունները կարող են պարզապես չլինել. հաջորդ պայքարը կարող է վերածվել ազգային-ազատագրականի, քանի որ մենք գուբերնիայի վերածվելու ռիսկի տակ ենք։ Այս մասին մայրաքաղաքի երրորդ ընտրատարածքում ընտրողների հետ հանդիպմանն ասել է «Հանրապետություն» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը։ Նա կոչ է արել չքվեարկել այն ուժերի օգտին, որոնք առաջ են տանում Կրեմլի մոտեցումները, որը 2026 թվականին Հայաստանի դեմ գործի է դրել օլիգարխների հսկայական գումարներն ու տնտեսական արգելքները։ Սարգսյանն ընդգծել է, որ 2021 թվականին խորհրդարան անցած ռուսամետ կուսակցությունները «բռնել են Հայաստանի անկախության ոտքերից»՝ կատարելով ՌԴ-ից ստացվող հրահանգները, ուստի նոր Ազգային ժողովում նրանց ներկայությունը պետք է կրճատվի առնվազն կրկնակի անգամ։
Քաղաքական գործիչը քաղաքացիներին կոչ է արել դադարել լինել մի ժողովուրդ, որը «Սողոմոն Թեհլիրյանի արարքով հիացած՝ տանը նստած ֆիդայական երգեր է երգում, բայց դրա փոխարեն պետություն, բանակ ու սուվերենություն չի կառուցում»։ Հիշեցնելով, թե ինչպես են անցյալում «ռուսահպատակ բոլշևիկները» վտարել Գարեգին Նժդեհին, իսկ ավելի ուշ սպանվել է Վազգեն Սարգսյանը՝ կուսակցության առաջնորդն ընդգծել է, որ անկախությունն Աստծո տված բացառիկ արժեք է, որի համար պետք է պայքարել օրնիբուն։ «Ազգային ժողովում պետք է լինի ձեր աչքի առաջ ճանապարհ անցած արևմտամետ ուժ, որը Հայաստանը տանում է դեպի քաղաքակիրթ աշխարհ, ժողովրդավարություն և զարգացում»,- եզրափակել է Արամ Սարգսյանը։